2020-ի բյուջեն հեղափոխական է․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական է համարում 2020 թ. պետական բյուջեի նախագիծը: Այս մասին վարչապետն ասաց ՀՀ Ազգային ժողովի նիստին՝ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Առաջին՝ արդյոք 2020 թ. բյուջեի նախագիծը հեղափոխակա՞ն է: 2018 թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռ ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ հրապարակային, որ մեկ-երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30-35 %-ով, սա եղել է հեղափոխության խոստումներից մեկը:

Հիմա 2020 թ. պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 2018 թ. եկամտային մասը գերազանցում է 27.4 %-ով, եթե սրան գումարում ենք նաև 2018 թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 միլիարդով գերակատարված են, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33 %, իսկ, եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք, մեր աճն արդեն իսկ կազմում է 35 %:

Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է: Այո՛, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ես անձամբ հնչեցրել եմ: 2020 թ. նախատեսված կապիտալ ծախսերը 2018 թ. փաստացի ցուցանիշի նկատմամբ ավել են ուղիղ 135.1 %-ով: Այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել»,- ասել է Փաշինյանը: