Քննարկվել է Չինաստանի հետ առևտրատնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

.

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վրաստանի «Գործընկերային ներդրումային հիմնադրամի» գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեին։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Ողջունելով հյուրին, նախարարը հատկանշական է համարել հայ-վրացական գործընկերային հարաբերություններն ու ներդրումային հիմնադրամի գործունեության առանձնակի մասնակցությունը Վրաստանի տնտեսության զարգացման գործում։ Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ ներդրումների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը լավ հնարավորությունների հարթակ կարող է դառնալ՝ հաշվի առելով ներդրումների ներգրավման  գերակայությունը ՀՀ տնտեսության համար ևս։

Դավիթ Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունները կարևոր ձեռքբերում են նաև Վրաստանի համար՝ հաշվի առնելով այն տնտեսական և գործընկերային կապերը, որոնք առկա են երկու երկրների միջև։ Նա իր խոսքում նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը փոքր երկրներ են, որոնց միջև շատ կարևոր է սիներգիայի առկայությունն ու փոխադարձ կապերի ամրապնդումը։ Մենք այստեղ ենք հասկանալու համար այն առաջնահերթություններն ու հնարավորությունները, որոնց ուղղությամբ կարող ենք համատեղ ծրագրեր իրականացնել և ստեղծել հետագա արդյունավետ համագործակցության ամուր հիմքեր»։

Վրաստանի ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության շրջանակները, նպատակն ու գործառույթները՝ նշելով, որ վերջինս ուսումնասիրում է ներդրոմային հնարավորություններն այն ոլորտներում, որոնք էապես նպաստում են Վրաստանի տնտեսության զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանի հետ առևտրային և տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները՝ հաշվի առնելով Վրաստանի և Չինաստանի միջև գործող ազատ առևտրի համաձայնագիրը։ Դավիթ Սագանելիձեի խոսքով՝ Հայաստանի ու Վրաստանի արդյունքվետ համագործակցությունն այս ուղղությամբ կարող է հայկական մի շարք արտադրանքների համար լավ հնարավորություն ստեղծել՝ դուրս գալու դեպի չինական շուկա։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանով լոգիստիկ այլընտրանքային ճանապարհների և ենթակառուցվածքների զարգացմանը և տնտեսական համագործակցության մի շարք այլ հարցերի։