Երևանում առևանգել են «էքսկլյուզիվ կոնցեռն» ՍՊԸ-ի Mercedes S63-ը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

Երեկ՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Ռոբերտ Ղ.-ից, ով հայտնել է, որ իրենք «Զվարթնոց» օդանավակայանից մարդ են դիմավորել, ովքեր իրենց ընկերությանը պատկանող Mercedes S63 մակնիշի 01 RG 002 համարանիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայից փախցրել են, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 23:20-ին, մի աղջիկ՝ որպես հաճախորդ, «էքսկլյուզիվ կոնցեռն» ՍՊԸ-ից պատվիրել է նշված Mercedes S63 մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» օդանավակայանից հյուրեր դիմավորելու և նշված ավտոմեքենայով Թոխմախ ուղևորվելու նպատակով:

Արդեն օդանավակայանում Mercede ի վարորդ Արա Ա.-ին է մոտեցել այդ աղջիկը անծանոթ տղամարդու հետ, որից հետո ուղևորվել են նրանց մատնանշած վայրը:

Հասնելով Բագրատունյաց փողոցի թիվ 42/7 հասցեում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայան, Արա. Ա.-ն դուրս է եկել ավտոմեքենայից ջուր գնելու նպատակով և մինչ նա կհոգար իր ծարավը, ավտոմեքենան այդ 2 անծանոթ անձինք փախցրել են:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նշված ավտոմեքենան վթարված վիճակում գտնվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արշակունյաց և Շիրակի փողոցների խաչմերուկում, որտեղ էլ հայտնաբեվել է այն:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ավտոմեքենան փախցրած կնոջն ու տղամարդու ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: