Ինչ-որ պահ բոլորը էմո էին, սեկտանտ, հետո դարձան սատանիստ․ ՏՏ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

ՖԲ

Քաղաքական գործիչների՝ սոցիալական ցանցերում ակտիվ մասնակցությունն ավելի է քաղաքականացնում վիրտուալ օգտատերերի կյանքը։ Սրան զուգահեռ՝ վերջերս ակտուալ բառ դարձավ «սատանիզմ»-ը, և սոցցանցերի հանրույթն արագորեն սկսեց օգտագործել այն՝ այդ կերպ բնութագրելով իրենց ընդդիմախոսների և իշխանության որոշ ներկայացուցիչների քայլերն ու գործողությունները։ Թեմայի շրջանակում 24News-ը զրուցել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

«Մի կողմից՝ բնակչության մի հատվածը գերքաղաքականացվել է, մյուս կողմից՝ քաղաքականությունից փախուստի պատկեր կա․ երիտասարդությունը «Ֆեյսբուք»-ից փախչում է «Ինստագրամ», որտեղ քաղաքականությունը շատ քիչ է։ Իրականում մի քանի տասնյակ հազար գերակտիվ օգտատերեր կան, որոնք հետաքրքրված են քաղաքականությամբ։ Այսօրվա դրությամբ աղմուկը շատացել է հիմնականում «Facebook»-ում և «Youtube»-ում։ Քաղաքական գործիչների սոցցանցային ակտիվությունը ներքաշում է մարդկանց քաղաքական քննարկումների մեջ», - նշեց Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ փորձագետի՝ սոցցանցերում ատելություն միշտ էլ կա, պարզապես թիրախներն են փոխվում։

«Ինչ-որ պահ բոլորը էմո էին, սեկտանտ, հետո դարձան սատանիստ։ Հասարակության ինչ-որ հատված միջին վիճակագրական պատկերացումներ ունի, թե ինչպիսին պետք է լինի հայը, և բոլոր տատանումները պիտակավորվում են, հիմա էլ մոդայիկ է դարձել սատանիզմը։ Մարդիկ տեղյակ էլ չեն սատանիզմն ինչ է, և ինչը տարօրինակ ձայներ կամ պատկեր ունի, անվանում են սատանիզմ», - ասաց Սամվել Մարտիրոսյանը։ 

Ըստ փորձագետի՝ այս ամենը նաև Հայաստանի փորձագիտական համայնքի ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքն է, և կան բազմաթիվ մարդիկ, որոնք հասարակության վրա ազդեցություն ունեն, և մարդիկ, որոնք ում ինչպես ասես, կարող են անվանել՝ առանց թեման ընկալելու։

«Ընդհանուր առմամբ ՀՀ հասարակությունը ինչ-որ հարցերում ոչ տոլերանտ է. կան թեմաներ, որոնց շուրջ մարդկանց ագրեսիան ահավոր աճում է, և վիրտուալ կյանքն այն կրկնապատկում է։ Մյուս կողմից՝ քաղաքական պատվերով ֆեյքերի միջոցով իսկապես աճում է ատելության խոսքը, սա արվում է մի քանի պատճառով․ առաջինը լռեցնելն է, որովհետև կան մարդիկ, որոնք չեն դիմանում ճնշմանը, այն օգտագործվում է նաև լրատվամիջոցներին և լրագրողներին լռեցնելու, ընդհանուր մթնոլորտը փչացնելու, ինչ-որ թեմաներ առաջ մղելու համար», - ասաց փորձագետը։

Սամվել Մարտիրոսյանը նաև նկատեց, որ կան որոշ լուծումներ, որոնք ինչ-որ չափով փորձում են նվազեցնել ատելության խոսքը, բայց փորձը ցույց է տալիս, որ վիրտուալ աշխարհն այնքան բարդ վերահսկելի է, որ լուրջ օրենքներ և կառույցներ ունենալու դեպքում, միևնույն է, ամբողջությամբ վերահսկել հնարավոր չէ։

Սոնա Գրիգորյան

Տեսանյութեր

Live

Լրահոս