Թուրքիան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, կօգտագործի Ս-400 զենիթահրթիռային համակարգ

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

.

Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը՝ չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

Դեմիրը մասնավորապես նշել է, որ տրամաբանական չէ Ս-400-ներ գնելը և չօգտագործելը: Նա նշել է, որ ռուսական անձնակազմը գործողություններում չի ներգրավվի, այդ համակարգերը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չեն լինի:

Ռուսական Ս-400-ների ձեռքբերումը հուլիսի կեսերից սկսած Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում ճգնաժամ է առաջացրել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ս-400-ներն ամբողջությամբ կօգտագործվեն հաջորդ տարվա ապրիլին:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Իսկ հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը հուլիսի 19-ին սենատին են ներկայացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկ: