«Էրեբունի» ԲԿ-ում բուժվող դատապարտյալը փախուստի է դիմել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

բանտ

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմանում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988 թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը  հիվանդասենյակից դիմել է փախուստի։ Այդ մասին հայտնում է ԱՆ Քրեակատարողական ծառայությունը։

Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։

Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170 սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սեւ մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սեւ բլուզ, սեւ սպորտային հագուստ եւ հողաթափեր:

«Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02, 010-44-29-04 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ: