Աղվերանի պանսիոնատը Արթուր Բաղդասարյանի սեփականությունը չէ․ Եվրոպական համալսարանի հերքումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Արթուր

Եվրոպական համալսարանը հերքում է լրատվամիջոցներով տարածած այն լուրը, համաձայն որի՝ Կապի, տրանսպորտի նախկին նախարարն ու «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկածվում են 5 միլիոն դոլար արժողությամբ պանսիոնատը «իրենցով անելու համար։ Ըստ հայտարարության՝ այդ տեղեկությունները կեղծ են և աղերս չունեն իրականության հետ: Հերքումը՝ ստորև․

«Համաձայն մամուլում տարածված տեղեկատվության՝ «Ռ. Խ.-ն գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել և հայտնել, որ 2013 թ.-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ՀՀ պետական գույքի կառավարման որոշմամբ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող մոտ 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատներից մեկը, հակառակ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված կարգի, անհատույց հանձնել է «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին»:

Նախ նշենք, որ Գուրգեն Սարգսյանը, որպես կապի և տրանսպորտի նախարար, պաշտոնավարել է 2008-2010 թթ. ընկած ժամանակաշրջանում և բնականաբար ըստ մամուլի տեղեկատվության 2013թ.-ին ոչ միայն չէր կարող որպես նախարար նման գործարք իրականացնել, այլ նաև օրենսդրությամբ չուներ պետական գույք օտարելու որևէ իրավասություն։

Քանի որ վերոհիշյալ գույքը պատկանում է Եվրոպական համալսարանին, հարկ ենք համարում հերքել այդ տեղեկատվությունը և հայտնել հետևյալը.

Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատը համաձայն 2011 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՀ կառավարության N 1700-Ա որոշման, հանձնվել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին (ներկայումս` «Եվրոպական Համալսարան» հիմնադրամ) և գտնվում է վերջինիս հաշվեկշռում՝ այսինքն նշված գույքը ո՛չ օտարվել է և ո՛չ էլ վաճառվել։ Քանի որ «Եվրոպական Համալսարան» հիմնադրամը համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի շահույթի նպատակ չհետապնդող կազմակերպություն է, իսկ վերջինիս հնարավոր լուծարման դեպքում նրա գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում։ Ավելին, Եվրոպական համալսարանը հանդիսանում է ՀՀ կառավարության որոշմամբ և մասնակցությամբ հիմնադրված և միջազգային մասնակցությամբ հանրային բուհ, հետևաբար նշված գույքը չի կարող հանդիսանալ որևէ ֆիզիկական անձի, այդ թվում՝ Արթուր Բաղդասարյանի սեփականությունը:

Որոշմանը ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ»։