Կինն ու տղամարդը «Մերսեդես» էին պատվիրել և առևանգել այն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Նոյեմբերի 15-ին, ժամը 01.20-ին, ոստիկանություն էր զանգահարել մի ՍՊԸ տնօրեն և հայտնել, թե իրենց մեքենայով օդանավակայանից ուղևորի են դիմավորել, բայց «Մերսեդեսը» Իսակովի պողոտայում փախցրել են:

Ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 23.20-ին մի կին հաճախորդ պատվիրել է ընկերությանը պատկանող «Մերսեդեսը»՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Թոխմախ ուղևորվելու նպատակով:
Տեղ հասած մեքենան նստել էին հաճախորդ կինն ու մի անծանոթ տղամարդ: Իսկ Բագրատունյաց փողոցի բենզալցակայանում, երբ վարորդը ջուր գնելու համար դուրս էր եկել մեքենայից, անծանոթ տղամարդը փախցրել էր «Մերսեդեսը»:
Ժամը 02.40-ին մեքենան վթարված վիճակում հայտնաբերվել էր Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում:

Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել էին ոստիկանության Շենգավիթի բաժին:
Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մեքենան փախցրել է Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և հավելել, որ խաչմերուկում վթարի են ենթարկվել ու թողնելով մեքենան՝ հեռացել: Ճշտվել է նաև մեքենան պատվիրած հաճախորդ կնոջ ինքնությունը:
Նախապատրաստվում են նյութեր: