ՍԴՀԿ-ն ԿԳՄՍՆ-ին առաջարկում է նստել մի սեղանի շուրջ ներազգային հարցերի լուծման համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

դրոշ

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ որոշմանը, համաձայն որի՝ Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը բուհերում կարող է դառնալ ոչ պարտադիր։ 

«Հետևելով Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները ԲՈՒՀ-երից դուրս բերելու հետ կապված՝ վերջին շրջանի իրադարձությունների զարգացմանը՝ իրականությունը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ մի շարք ուժեր ցանկացած արհեստականորեն ստեղծված առիթ կեղծ լուրերի հիման վրա և մանիպուլացիաների միջոցով պատրաստ են ծառայեցնել քաղաքական շահարկումների և  քաղաքական դիվիդենտների հավաքման։

Ուստի, ելնելով մեր ազգային և պատմական արժեքներից, ՍԴ Հնչակյան կուսակցությունը կարծում է, որ ներազգային և ներպետական հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ու պայմանավորվածությունների միջոցով։

Կասկածի տակ չդնելով որևէ ուժի, կառույցի կամ անհատի հայրենասիրության զգացումը՝ դիմում ենք շահագրգիռ կողմերին՝ Հայոց լեզվի և Հայոց պատմության ֆակուլտետների դեկաններին, ամբիոնների վարիչներին, գիտական և դասախոսական կազմին, ԿԳՍՄ նախարարությանը՝ առաջարկելով հանդիպել պատվիրակություններով և տալ խնդրին հանգուցալուծում սեղանի շուրջ, որը կբխի մեր պետական և ազգային շահերից։ 

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պատրաստ է ցուցաբերել իր աջակցությունը խնդրի հանգուցալուծման համար»,-նշված է հայտարարության մեջ։