Որոնվում է մեքենայի սրահից գողություն կատարած անձը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանի քննչական բաժնում  քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ապօրինի շինություն մուտք գործած և առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 27-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում   Արմավիրի մարզի բնակչից հաղորդում է  ստացվել այն մասին , որ  օգոստոսի 23-ին` ժամը 12.00-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, Արմավիրի մարզի գյուղերից մեկում կայանած իր մեքենայի սրահից գողացել է  պայուսակը, որի մեջ եղել է անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը և կանխիկ գումար` պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ՝  ՀՀ  ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական  օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-ին մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով և ուղարկվել Կենտրոն և Նորք-Մարաշ   վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի  անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին  հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձին  ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին: