Շները Նորքի 9-րդ զանգվածում հարձակվել են աշակերտների վրա, մեկին կծել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

շուն

Մի խումբ թափառական շներ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 197-րդ դպրոցի շրջակայքում երեկ՝ նոյեմբերի 18-ին, հարձակվել են դպրոցից տուն վերադարձող աշակերտների վրա, երեխաներից մեկին անգամ կծել են: Այս մասին 24News-ին պատմել է աշակերտներից մեկի ծնողը:

«Երեխաս սարսափահար տուն եկավ, 8 տարեկան է, ընկերոջը կծել են, սարսափելի է մտածել, թե ինչ վարակներ կարող է ստանալ այդ երեխան։ Արդեն վախենում ենք դպրոց ուղարկել: Ագրեսիվ, կատաղած շների ոհմակ է», - պատմել է մայրը:

Նկատենք, որ վերջին շրջանում փողոցային շների թվի կտրուկ ավելացման հետ մեկտեղ հաճախակի են դարձել նրանց հարձակումները մարդկանց վրա: Իհարկե, կենդանիների իրավունքների պաշտպանությունը լավ բան է, սակայն պետք չէ թույլ տալ այնպիսի բարձիթողի վիճակ, որ քաղաքացիներն իրենք ստիպված լինեն պաշտպանվելու համար տարբեր ու հաճախ ոչ օրինական մեթոդներ օգտագործել: