Աննա Հակոբյանը և Լիտվայի վարչապետի տիկինը քննարկել են համատեղ նախաձեռնությունների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

նախագահ

Նոյեմբերի 15-ին Լիտվա կատարած տարանցիկ կարճաժամկետ այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելյեի հետ այցելել են կառուցման փուլում գտնվող Վիլնյուսի «Երեխաների ուռուցքաբանական աջակցության կենտրոն»: Այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցում էր Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Ներկայացնելով գործարկվելիք հաստատության հիմնական առանձնահատկությունները՝ կենտրոնի աշխատանքները համակարգող լիտվական «Մայրերի միություն» հիմնադրամի նախագահ Էգլե Մելինաուսկիենեն նշել է, որ կենտրոնը վերականգնողական, սոցիալական, հոգեբանական և այլ աջակցություն է ցուցաբերելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին և նրանց ընտանիքներին ու 2020 թ. սկզբներին իր դռներն է բացելու այցելուների առջև:

Ըստ տնօրենի՝ հանգստի և ուսուցման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած կենտրոնը չի փոխարինելու կամ կրկնօրինակելու հիվանդանոցներում մատուցվող բուժմանը կամ ծառայություններին, այլ իր հնարավորություններով փորձելու է լրացնել այն բացը, որ հիվանդանոցները հնարավորություն չունեն ապահովելու:

Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեության հիմնական ուղղությունները, շեշտել մանկական քաղցկեղի դեմ պայքարում ջանքերի համադրման և համակարգման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը հաջորդած աշխատանքային ճաշի ընթացքում Աննա Հակոբյանը և Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելեն քննարկեցին փոխադարձ կապերի հաստատման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները, անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի: