Վրաստանում ժամը 19:00-ին խորհրդարանի դիմաց կվերսկսվի ցույցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Վրաստան

«Aliq.ge»-ն գրում է, որ նոյեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանի դիմաց անցկացվող ակցիան ավարտվել է ուշ գիշերին: «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները նախատեսում են գնալ Թբիլիսիի քաղաքային դատարան՝ աջակցություն հայտնելու ակցիան ցրելիս ձերբակալված ցուցարարներին:  Այս պահին խորհրդարանի դիմաց 10 վրան է բացված: Ռուսթավելիի պողոտան բաց է:

Ըստ ակցիայի կազմակերպիչներից Շոթա Դիղմելաշվիլիի՝ ժամը 19:00-ին խորհրդարանի դիմաց ակցիան կվերսկսվի: Մինչ այդ ակցիայի մասնակիցներն ընդդիմադիր առաջնորդների հետ կհայտնեն գործողությունների ծրագրի մասին:

«Կուսակցությունների հետ խորհրդատվություններ կանցկացնեն, որոշում կկայացնենք։ Անկեղծ ասած, դեռ հետագա գործողությունների ծրագիր չունենք»,- հայտարարել է Դիղմելաշվիլին:

Համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել։ Միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։