Պարզ չէ՝ փոխգնդապետի ծեծի օրը մարզպետը տա՞նը մնաց, թե՞ դուրս եկավ․ ՔԿ-ն շտապել է․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակություն

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական կոմիտեի կողմից կատարված քննությամբ պարզվել է, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: 

Այս թեմայով 24News-ը զրուցել է Արա Մխիթարյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանի հետ։ 
«Նախաքննությունը դեռ շարունակվում է, ավարտված չէ, և, եթե քննչական մարմինն այս փուլում որոշել է, որ նախկին մարզպետը դեպքին մասնակից չի եղել կամ ներկա չի եղել, ապա ես այն գնահատում եմ որպես չափից դուրս շտապողականություն։ Վաղը, մյուս օրը, եթե պարզվի, որ ներկա է գտնվել և ինչ-որ գործողություն է արել, ի՞նչ պիտի անեն», - նշեց փաստաբանը։

Ամիրխանյանի խոսքով՝ դեպքի վկաները միանշանակ պնդում են, որ Տրդատ Սարգսյանը ներկա է գտնվել միջադեպին, նաև նրա հետ դեպքի վայրում զրուցել են։ 

«Ըստ տեսաձայնագրության, երևում է, որ նախկին մարզպետը երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում մտնում է իրենց շենքի բակ, որից  հետո լույսերն անջատվում են և չի երևում, թե հետո ո՞վ դուրսուներս արեց այդ շենքի մուտքից։ Նաև չի երևում, թե Տրդատ Սարգսյանն ի վերջո տա՞նը մնաց, թե՞ դուրս եկավ», - նկատեց փաստաբանը։

Փաստաբանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից որևիցե որոշում չեն ստացել՝ նախկին մարզպետի հետ կապված, եթե ստանան, և բողոքարկելու անհրաժեշտություն լինի, կբողոքարկեն։

Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում ծեծի էր ենթարկվել: Միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը՝ Հարություն Գրիգորյանը:  Հենց այս միջադեպի պատճառով Տրդատ Սարգսյանը հրաժարվեց մարզպետի պաշտոնից։

Սոնա Գրիգորյան