Ձեր տերերին ասեք ինձնից հեռու մնան, ես շատ շնորհքով մարդ եմ. Վարդան Ղուկասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Վարդան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ինքը միջնորդավորված սպառնացել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին՝ նշելով՝ «երեխա ունես», ասել է․ «Ես ինչքան գիտեք դուք եք սպառնացել, հիմա ինչ ուզենք, կասեք»:

«Ինչի ինքն ասում է, որ էդպիսի բա՞ն է եղել, ինքն ասում է, որ մենք ընդհանրապես խոսե՞լ ենք: Էդ ստերը, որ տարածքում եք, վերջում կզգաք, որ ես էդպիսի բան չեմ արել: Ձեր տերերին ասեք ինձնից հեռու մնան, ես շատ շնորհքով մարդ եմ, հայրենասեր, հավատացյալ, երկիր սիրող»,-ասել է Վարդան Ղուկասյանը, ապա հավելել, որ ինքն անձամբ տերեր չունի։

«Իմ տերն Աստված է, ես տեր չունեմ: Ես այն մարդկանցից եմ, որ տերեր երբեք չեմ փնտրել: Ես եմ ուրիշներին տեր լինում»,-ասել է Վարդան Ղուկասյանը:

Հարցին՝ ստացվում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրպարտո՞ւմ է, աա պատասխանել է. «Ես պաշտոն հարգող մարդ եմ, Հայաստանի վարչապետ, թագավոր, կաթողիկոս հարգում եմ, կոռեկտության մեջ եմ ինձ պահում: Ասել է, միգուցե հետագայում կզգա, որ սխալվել է: Ոչինչ, բան չկա, ես իրեն լավն եմ ցանկանում»:

ԲՀԿ-ական պատգամավորը նաև նշել է, որ իրեն ոչ ոք չի հարցաքննել։

«Ինչի՞ պետք է հարցաքննեն: Ոնց ասենք, որ հասկանաք, որ էդպիսի բան չկա: Ես հենց հիմա պաշտոնապես հայտարարում եմ, եթե այդպիսի բան են ասել, թող իրավապահները գնան ստուգեն»,-ասել է Վարդան Ղուկասյանը, ապա հավելել, որ Նազելի Բաղդասարյանի ընտանիքին հողահատկացում է արել, խանութի տեղ է տվել. «Ինքը փոքր է, կալիբրները չի բռնում»։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկարկել էր Վարդան Ղուկասյանին չսպառնալ հարցով զեկուցողներին՝ նշելով, որ «կպառկեցնեն ասֆալտին ու պատերով կտան սպառնացողներին»։ 

Ոստիկանությունն այս պահին ուսումնասիրում է տեղեկություններն այն մասին, որ Վարդան Ղուկասյանն սպառնացել է Նազենի Բաղդասարյանին։ Իշխանական պատգամավորը դեռևս չի շտապում մեկնաբանություններ անել այս մասով: