Նուբարաշենի հոգեբուժարանի պացիենտներին թույլատրվել է հարազատների բերած սնունդն ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

Նուբարաշեն ՔԿՀ

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ 

«Անդրադառնալով «Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում. 50-ից ավելի հիվանդներ հայտարարել են հացադուլ, որոնց մեջ է դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրը» վերտառությամբ նյութին, հայտնում ենք, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հաստատել է, որ պացիենտները հարց են բարձրացրել և պահանջում են իրենց հարազատների կողմից բերված սնունդը թույլատրել ընդունել:

Տնօրենը պարզաբանել է, որ սահմանափակումը պայմանավորված է եղել հիվանդների անվտանգության հետ` սննդային թունավորումներից զերծ պահելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով վերջին 1 ամսվա ընթացքում արձանագրված աղիքային վարակի փաստը: 

Սերգեյ Խաչատրյանը նաև նշել է, որ ներկա պահին թե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե ոստիկանությունից ներկայացուցիչներ կան կենտրոնում, և որ հարցը կարգավորվել է: Բաժանմունքի բոլոր պացիենտները սնունդ ընդունել են»,- ասված է պարզաբանման մեջ։