Արագածոտնի մարզում հովիվն ընկել է բեռնատար գնացքի տակ և մահացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

պն

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում՝ բաժի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյոմբերի 18-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած երկաթուղային վթարի փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանզ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ Արտենի-Արագածավան գյուղերի միջնամասում երկաթուղու գծերի վրա մի քաղաքացի կա ընկած:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը և քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 59-ամյա, Ա. Մ.-ն, վարելով թիվ 3402 համարի բեռնատար գնացքը, Երևան-Գյումրի երկաթգծի թիվ 2796 պիկետի 7-րդ հատվածում վրաերթի է ենթարկել Արտենի գյուղի բնակիչ, 51-ամյա Հ. Ա.-ին:

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 17:00-ի սահմաններում մահացել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը չէր աշխատում, գյուղում հովիվ էր, իսկ մեքենավար Ա. Մ.-ն աշխատում է Հարավ-կովկասյան երկաթուղու Գյումրու լոկոմոտիվ դեպոյում: