Կոնգրեսականները կոչ են արել պահել Ադրբեջանի, Հայաստանի ռազմական օգնության հավասարությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

ԱՄՆ

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիերն ու Ադամ Շիֆը 3-րդ անգամ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերին, որում պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարարությանը կոչ են անում պահպանել Ադրբեջանին և Հայաստանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը: Այդ մասին Facebook-ում գրել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:

«Ադրբեջանին անվտանգության ոլորտում հատկացվող օգնության մեծացումը, անկասկած, անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում և անտեսում է ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ քսանամյա նախադեպը»,- նշել են կոնգրեսականները՝ հավելելով, որ դա միակ միջոցն է, որով ԱՄՆ-ը կարող է պահպանել տարածաշրջանային գերտերության հեղինակությունը, որն ունակ է միավորելու Ադրբեջանին եւ Հայաստանին:

«Պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարարությանը կոչ ենք անում Հայաստանին տրամադրել ուսուցում և սարքավորումներ գործընկերային ներուժը մեծացնելու համար: Դա կօգնի անվտանգ դարձնել սահմաններն ու ռազմական հավասարություն ստեղծել»,- նշվում է նամակում: