Նախկին պատգամավորի մեքենան հանցագործության վայրից հեռացնելու քրգործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

մեքենա

Ավարտվել է 2019 թ. օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղում հանցագործության դեպքի վայրից հանցագործության հետքեր կրող ավտոմեքենան ապօրինաբար, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելով հեռացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2019 թ. օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում պայթուցիչի միջոցով կատարված գործարար Մելիք Մանուկյանի (հայտնի է որպես «Շշի Մելո») սպանության փորձի  դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր կրող՝ Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, առանց դեպքի վայրի զննությունն իրականացնող քննիչի և դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողների թույլտվության, նշված տարածք երկու այլ անձանց հետ մուտք է գործել գործարար Մելիք Մանուկյանի եղբայր Ռ. Մ.-ն:

Հանցագործության հետքեր կրող նշված ավտոմեքենան դեպքի վայրի տարածքից տեղափոխելու հարցի վերաբերյալ Ռ. Մ.-ն վիճաբանության մեջ է մտել քննիչի և դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր հիշյալ ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք: Ոստիկանները, ինչպես նաև քննիչը հորդորել են դադարեցնել նման վարքագիծը, նրան դուրս հրավիրել պահպանվող տարածքից: Ռ. Մ.-ն, սակայն չի ենթարկվել նրանց հորդորներին, հակառակ դրան՝ դեպքի վայրի զննության մասնակից ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության հրաձիգ, Մելիք Մանուկյանի անվտանգության աշխատակից Մ. Մ.-ին կարգադրել է ավտոմեքենան դուրս բերել այդ տարածքից:

Վերջինս, Ռ. Մ.-ի դրդմամբ, գիտակցելով, որ դեպքի վայրում գտնվող ավտոմեքենան իր վրա կրում է հանցագործության հետքեր և տեղյակ լինելով, որ իրավապահ մարմինների կողմից արգելվել է առանց թույլտվության հիշյալ ավտոմեքենան տեղափոխելը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ միջամտել է քննիչի գործողություններին: Մասնավորապես, նա նստել է վերոհիշյալ ավտոմեքենան և, չենթարկվելով դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, գործի է դրել այն, կտրուկ տեղից շարժել և ոստիկանության ծառայողի ուղղությամբ վարելու ձևով վերջինիս կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ հատել դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը և ավտոմեքենան հեռացրել այնտեղից:

Նկարագրված հանցավոր արարքը կատարելու համար 2019 թ. նոյեմբերի 8-ին Ռ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանաման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն օրը Մ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորման այլընտրանքային միջոց գրավը:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և ըստ էության քննություն կատարելու համար քրեական գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս