Մխիթարյանն իրեն լավ է զգում Իտալիայում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Իտալիայում անցկացրած ժամանակի մասին և թիմակից Նիկոլո Ձանիոլոյի մասին։

«Ես Հռոմում լավ եմ զգում, քաղաքը հրաշալի պատմություն ունի։ Իտալացիների և հայերի մեջ շատ նմանություններ կան, բավական տաքարյուն են երկուսն էլ։ Ուրախ եմ, որ այսպիսի որոշում կայացրի: Անգլիական մռայլությունից հետո սա իսկական նվեր էր ինձ համար: Այստեղ կյանքը ավելի հանդարտ է, եղանակը՝ ավելի մեղմ: Երբ չեմ մարզվում, սիրում եմ ոտքով շրջել քաղաքում, այցելել փոքրիկ և հարմարավետ սրճարաններ։ Իմ գործակալը՝ Մինո Ռայոլան, «Ռոմա» տեղափոխության մասին ինձ հայտնեց սեպտեմբերի 1-ին, և ես համաձայնվեցի, քանի որ չէի մտնում «Արսենալի» ծրագրերի մեջ։ Վստահ եմ, որ սա ճիշտ որոշում էր»,- ասել է Մխիթարյանը։

Հայ ֆուտբոլիստը նշել է՝ Իտալիայում տաղանդավոր ֆուտբոլիստներ շատ կան: Իտալացիները ֆուտբոլային մեծ ավանդույթներ ունեն: «Ռոմայի» մասին, Մխիթարյանն ասել է, որ  իրեն անչափ դուր է գալիս Նիկոլո Ձանիոլոյի խաղը:

«Նա ֆանտաստիկ տեխնիկա ունի և կարող է դառնալ եվրոպական ֆուտբոլի աստղերից մեկը: Նա ճանաչվել է Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող, բայց դա վերջը չէ»,- շեշտել է կիսապաշտպանը։