Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

.

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել առ այն, որ վերջինս Նիկոլ Փաշինյանի հետ  երբևէ որևէ շփում չի ունեցել:

«Ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներ հասարակությանն ապատեղեկացնող անհիմն լուրեր են տարածում այս կամ այն ժամանակահատվածում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև իբրև թե եղած շփումների մասին:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պաշտոնապես հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ո՛չ պաշտոնավարման ժամանակաշրջանում, ո՛չ պաշտոնաթողությունից հետո և ո՛չ էլ որևէ այլ ժամանակահատվածում ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել հիշյալ անձնավորության հետ, բացառությամբ 2018 թվականի ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրապարակային և ընդամենը մի քանի րոպե տևած հանդիպման»,-ասվում է հայտարարության մեջ: