Վահե Գրիգորյանի գործընկերներն ինչո՞ւ են ստիպված իր փոխարեն աշխատել. Ալվինա Գյուլումյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

.

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը պետք է մտածի, թե այս պայմաններում իր գործընկերներն ինչո՞ւ են ստիպված իր փոխարեն աշխատել, այն գործընկերները, որոնց մասին առիթը բաց չի թողնում ասելու, թե լեգիտիմ չեն։ Այս մասին Pastinfo.am-ի հետ զրույցում ասել է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Նշենք, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելուց հետո ՍԴ նիստերին չի մասնակցել։

Ալվինա Գյուլումյանը պատմել է, որ երբ ՍԴ դատավորներին  գործեր են մակագրվում, Վահե Գրիգորյանը հետ է տալիս. «Ստիպված, մեզնից մեկն է այդ գործերը նախապատրաստում, որպեսզի ժամկետների հետ կապված խնդիր չլինի, որպեսզի այդ վճռին սպասող քաղաքացին չմնա սպասումների մեջ»։

Դիտարկմանը, որ երեք նիստից ավելի բացակայելն արդեն կարգապահական պատասխանատվության հիմք է, Գյուլումյանն արձագանքեց.

«Գիտեք, դա կարգապահական պատասխանատվության հիմք է, բայց այդ պատասխանատվության հարցը պետք է բարձրացնեն ՍԴ 3 դատավորներ։ Հիմա, որեւէ մեկը դա չի նախաձեռնի, երեւի մտածելով, որ ամեն դեպքում, մեր գործընկերն է եւ, որ անհրաժեշտություն չկա այդ ռադիկալ միջոցին դիմել, կկարողանանք, կհամագործակցենք եւ այդ սպասողական վիճակն է միգուցե ձգվում։ Սա է զուտ պատճառաբանությունը, բայց, իհարկե, ՍԴ դատավորի առաքելությունը նրանում է, որ պաշտպանի Սահմանադրությունը։ ՍԴ-ն սահմանադրական արդարադատություն է իրականացնում՝ միայն դիմումների քննության միջոցով։ Հիմա, եթե մեզնից որեւէ մեկն ընտրվել է ՍԴ դատավոր, բայց չի ցանկանում այդ գործընթացին մասնակցել, դա համենայնդեպս, իր համար պետք է խնդրահարույց լինի»։

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը, այն պարագայում, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցված չէին։

Այս հայտարարությանը հաջորդեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները, իսկ արդեն սեպտեմբերին Ազգային ժողովը շրջանառության մեջ դրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Այդ նախագիծը ԱԺ-ում ընդունցվեց, եւ ուղարկվեց ՍԴ, սակայն  նախագիծը մերժեց։