«Բարձրագույն կրթության, գիտության մասին» օրինագծում խնդրահարույց կետեր կան.հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ԵՊՀ

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով թեեւ ապահովվում  է առաջընթաց բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի որոշ իրավակարգավորումների առնչությամբ, լուծվում են որոշ խնդիրներ, սակայն առկա են լուծում պահանջող մի շարք խնդրահարույց կետեր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը: Հայտարարությունը՝ ստորև։

«1. Բուհական ինքնավարություն: Առաջարկվող նախագծով բուհի կառավարման խորհրդում պետական իշխանության կողմից նշանակվող անդամների թիվը սահմանվում է 50 տոկոս: Նույն կարգավորումը գործում է նաեւ այժմ: Սակայն նախագծով սահմանափակվելու է բուհի դասախոսների եւ ուսանողների մասնակցությունը՝ 50 տոկոսից իջեցվելով 33.3 տոկոսի: Այսինքն՝ բուհի դասախոսների եւ ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը դադարում է ազդեցիկ լինելուց, իսկ պետական իշխանությունը ձեռք է բերում հնարավորություն անցկացնելու ցանկացած որոշում, թեկուզ դրան դեմ լինեն տվյալ բուհի բոլոր դասախոսները եւ ուսանողները: Այսինքն՝ նախագիծն իրականում սահմանափակում է բուհական ինքնավարությունը, չնայած հայտարարվում է, որ ուղղված է դրա ընդլայնմանը:

Բուհական ինքնավարությունն ապահովելու համար անհրաժեշտ է՝

Ա) Պետական մասնակցության համեմատ համաչափ դարձնել կառավարման խորհրդում դասախոսների եւ ուսանողների մասնակցությունը, այդ թվում՝ արտաքին անդամների ընտրության այնպիսի կառուցակարգ սահմանել, որը հնարավորություն կընձեռի հաշվի առնելու բուհի դիրքորոշումը թեկնածուներին որոշելիս,

Բ) Հիմնավորել պետական իշխանության մասնակցության նպատակը եւ ըստ այդ նպատակի՝ սահմանել մասնակցության տոկոսը,

Գ) Ապահովել բուհի կառավարման մարմինների ընտրովիությունը,

Դ) Կառավարման խորհրդի դասախոս եւ ուսանող անդամների ընտրությունը դարձնել կանոնակարգված (ներկայիս կարգավորումներով այդ ընտրությունը կատարվում է հիմնականում թերի կարգավորված, մի քանի մակարդակով, անուղղակի, ինչի պատճառով սովորական դասախոսի եւ ուսանողի մասնակցությունը հոգաբարձուների խորհրդի ձեւավորմանը գրեթե վերանում է)՝ սահմանելով նաեւ արտաքին անդամների ընտրության միասնական չափանիշներ:

2. Աստիճանաշնորհում: Նախագծով առաջարկվում է սահմանել մեկ գիտական աստիճան: Մենք ընդունում ենք, որ անհրաժեշտ է բարեփոխել գիտական աստիճանաշնորհման եւ գիտական/բուհական կոչումների համակարգը։

Ամեն դեպքում գիտական աստիճանը պետք է դիտարկվի որպես անհրաժեշտ պայման գիտական/բուհական կոչում ստանալու համար։ Դասախոսի, դոցենտի եւ պրոֆեսորի պաշտոններին հավակնող անձանց համար պետք է սահմանվեն տարբեր չափանիշներ։ Պրոֆեսորի պաշտոնին հավակնող անձը պետք է ունենա ավելի բարձր որակավորում, քան դոցենտի պաշտոնին հավակնողը։ Այս տեսակետից, նույնիսկ եթե սահմանվի մեկ գիտական աստիճան, ինչ-որ պահի անհրաժեշտություն կլինի ստեղծելու որակավորման եւս մեկ ընթացակարգ։ Եվրոպական տարբեր երկրներում թեկուզ առկա է ընդամենը մեկ PhD աստիճան, սակայն առկա է նաեւ հաբիլիտիացիայի գործընթաց։

Ուստի, որպեսզի ապահովվի վերջնական արդյունքը, այն է՝ հստակեցվի աստիճանաշնորհումը եւ կոչումների տրամադրումը, մյուս կողմից՝ տրվեն որակավորման հստակ չափանիշներ, ինչպես նաեւ ապահովվի համապատասխանեցում եւ´ եվրոպական, եւ´ ԱՊՀ երկրների ստանդարտներին, առաջարկում ենք՝

1. Գիտական աստիճանի տրամադրումը հստակորեն դիտել որպես գիտական/բուհական կոչում տրամադրելու նախապայման,

2. Հստակեցնել համապատասխան գիտական/բուհական կոչումի համար անհրաժեշտ որակավորման չափանիշները,

3. Պահպանել գիտության թեկնածուի աստիճանը՝ օրենքով նշելով, որ այն համապատասխանում է եվրոպական երկրներում ընդունված PhD-ի աստիճանին, իսկ գիտության դոկտորը որակավորման լրացուցիչ չափանիշ է PhD-ի համար, որը համապատասխանում է եվրոպական երկրների հաբիլիտիացիային։ Արդյունքում՝

1. Մենք կունենանք գիտական աստիճանաշնորհման եւ գիտական կոչումների համակարգ, որը կլինի նպատակային՝ կապահովեն որակավորման չափանիշներ որոշակի պաշտոնների/կոչումների համար,

2. Այդ համակարգը կհամապատասխանի եւ´ եվրոպական, եւ´ ԱՊՀ երկրների ստանդարտներին, ինչը կհեշտացնի հարաբերություններն ավելի մեծ թվով երկրների հետ։

3. Ակադեմիա: Նախագծով առաջարկվում է ՀՀ ԳԱԱ-ի կարգավիճակը վերանայել: Այն գիտության կառավարող մարմնից վերածվելու է խորհրդատվական մարմնի: Փաստացի, ակադեմիան այն կառուցվածքով, որ այսօր կա, այլեւս չի լինելու: Մենք համամիտ ենք, որ պետք է մոտեցնել բարձրագույն կրթությունը եւ գիտությունը՝ ԳԱԱ համակարգում գործող ինստիտուտները եւ բուհերը որոշակիորեն միմյանց ինտեգրելու միջոցով։

Սակայն Ակադեմիան պետք է պահպանվի՝ որպես ֆունդամենտալ գիտությունը համակարգող եւ ուղղորդող մարմին։ Նրա լիազորությունները պետք է հստակեցվեն այդ տրամաբանությոամբ։

Խնդիրն այն է, որ ֆունդամենտալ գիտությունը երբեք չի տալիս կարճաժամկետ արդյունքներ, սակայն նորմալ ֆինանսավորման պարագայում կարող է հանգեցնել երկարաժամկետ ահռելի եկամուտների: Այս առումով առկա է հակասություն՝ պետական իշխանության, որը միշտ ցանկանում է ապահովել կարճաժամկետ արդյունք, եւ ֆունդամենտալ գիտության միջեւ, որն այդպիսի արդյունք չի կարող ապահովել։ Ակադեմիան պետք է լինի այն մարմինը, որը կպաշտպանի ֆունդամենտալ գիտության շահերը՝ նաեւ ապահովելով ֆունդամենտալ գիտությանն ուղղվող միջոցների բաշխումը՝ բնականաբար հստակ վերահսկողական եւ գնահատողական մեխանիզմների առկայության պարագայում։

Նախագծի բովանդակությունից պարզ չէ, թե պետությունը ֆունդամենտալ գիտության զարգացման համար ինչ հայեցակարգ եւ քաղաքականություն է մշակել։ Անհրաժեշտ է գնալ ոչ թե մեխանիկական լուծումների, այլ Ակադեմիայի առանձին ինստիտուտների համար կիրառել ֆինանսավորման եւ խրախուսման դիվերսիֆիկացված մոտեցում՝ ըստ սահմանված ցուցիչների:

4. Տարիքային սահմանափակումներ: Նախագծով առաջարկվում է սահմանափակել բուհական կառավարման ոլորտում ակադեմիական պաշտոններ (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր) զբաղեցնող անձանց տարիքը: Նախ՝ սա խտրականություն է եւ հակասում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին: Երկրորդ՝ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում մասնագիտական աճը երկար ժամանակ է պահանջում․ գիտնականը ձեռք է բերում համապատասխան հմտություններ, այդ թվում՝ գիտության եւ ակադեմիական կառավարման վերաբերյալ, բավականին մեծ տարիքում: Համապատասխան տարիքն անցածներին արհեստականորեն սահմանափակելը, առանց կոնկրետ անձի կարողությունների գնահատման, արդյունավետ չէ:

Նախագծի որպես հիմնական խնդիր կարելի է նշել այն, որ վերջինս չունի որեւէ հայեցակարգ: Անհասկանալի է, թե այն ինչ նպատակ է հետապնդում, արդյոք ներկայացված քայլերն այդ նպատակին ծառայելու են, ինչ միջազգային փորձի վրա է այն հիմնված եւ այլն: Այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելուց առաջ լիազոր մարմինը պետք է հստակ ներկայացնի իր նպատակը, թափանցիկ լինի հանրությանը եւ քննարկման համար լինի բաց:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ հորդորում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ շահագրգիռ քննարկումներ սկսել նշված խնդիրների վերաբերյալ եւ նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ։