Մեծ Մասրիկում ավարտվել են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

,

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում նոյեմբերի 10-ի դրությամբ ավարտվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երկու ծրագրերից մեկը՝ ճանապարհների ասֆալտապատումը, իսկ երկրորդ ծրագիրը՝ մշակույթի տան նոր շենքի կառուցումը, գտնվում է ընթացքի մեջ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հավաստեց Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի՝ Մեծ Մասրիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Ըստ համայնքի ղեկավարի՝ սուբվենցիոն առաջին ծրագրով  սեպտեմբերի 9-ից մեկնարկել եւ նոյեմբերի 10-ի դրությամբ ավարտվել է ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Հիմնանորոգվել  է գյուղի գերեզմանոց եւ տարրական դպրոց տանող ճանապարհները՝ մեկուկես կիլոմետր երկարությամբ եւ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 82 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանը:  Սուբվենցիոն երկրորդ ծրագրով գյուղի կարիքների համար կառուցվում է մշակույթի տան նոր շենք: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 150 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականի  վերջին: 

Գնել Սանոսյանը եղավ հիմքից կառուցվող մշակույթի տան շենքի շինհրապարակում, զրուցեց շինարարների հետ՝ հորդորելով խստիվ  պահպանել շինարարության որակը: