ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Նոյեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմանում ВАЗ 2109 մակնիշի 34 NC 519 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ճանապարհահատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, որոնց մարմիները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը, Սիսիանի ոստիկանության բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Սիսիանի հրշեջ-փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։