Հրդեհ՝ Սեմյոնովկայի անասնագոմում. սատկել է 40 եղջերավոր անասուն, մասնակցել է 32 հրշե

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

40 խոշոր եղջերավոր անասուն

Նոյեմբերի 20-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում և ներսում կան անասուններ և կուտակված անասնակեր: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հրդեհի վայր են ժամանել 32 հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի մարտական հաշվարկ: Տեղում հայտարարվել է հրդեի բարդության «ԹԻՎ 2» կանչ: Լրացուցիչ ժամանել են ԱԻն ՓԾ թիվ 31, 44, 63, 33, 30, հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1-ական մարտական հաշվարկով:

Հրշեջները գյուղացիների հետ ողջ գյուղի բնակիչներով ժամեր շարունակ և մինչև այժմ պայքարում են հսկայական անասնագոմում առաջացած կրակի դեմ:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասել են, որ առաջացած կրակի պատճառով անասնագոմում սատկել են 40 խոշոր եղջերավոր անասուն, մինչև 1 տարեկան 17 հատ հորթ, 13 ոչխար, 5 խոզ, 5 ուլ, 1 ձի, 20-ից ավելի հավ: Ամբողջովին ոչ պիտանի է դարձել անասնագոմում կուտակված մոտ 3500 հակ անասնակերը:

Աղբյուրի հետ զրույցում գյուղացիներն ասել են. «Չգիտենք, ինչից է առաջացել կրակը, բայց րոպեների ընթացքում այն տարածվեց: Զանգահարել ենք 9-11, Սևանի հրշեջները եկել են: Լրացուցիչ ժամանել են Դիլիջանից, Ճամբարակից, Հրազդանից, սակայն կրակն այնքան արագ է տարածվում, որ թե՛ գյուղացիներով, թե՛ հրշեջներով չկարողացանք դրա դեմն առնել: Ողջ խոտը կենդանիներով այրվել է: Միակ թերությունը նա է, որ հրշեջները եկած մեքենաների ջրով աշխատելուց հետո, այն լիցքավորելու համար մի քանի կիլոմետր գնում էին լիցքավորման»:

Աղբյուրը հայտնում է, որ ամիսներ առաջ, երբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը բարձրաձայնում էր, որ կա ջրատար ավտոմեքենաների և ջրի կայանների խնդիր, հենց նման դեպքերի դեմն առնելու համար էր նախարարը բարձրաձայնում: Եթե լինեն ջրի կայաններ, ապա հրշեջներն ավելի օպերատիվ կգործեն: Հրշեջները գալիս են, ավտոմեքենայի միջի ջրով աշխատում են, իսկ հետո մի քանի կիլոմետր գնում, լիցքավորում, նորից հետ են գալիս:

Անասնագոմում առաջացած հրդեհի պատճառով գյուղի որոշ հատված ժամանակավորապես հոսանքազրկվել է: Մի քանի գյուղացիներ էլ ասում էին, որ մինչև հոսանքազրկումը, էլեկտրաէներգիայի տատանման պատճառով որոշ գյուղացիների տան էլեկտրատեխնիկան վնասվել է:

Աղբյուրը նշում է, որ անասնագոմը ԽՍՀՄ տարիներին կառուցված շենք է,իսկ սատկած կենդանիներն ու խոտը պատկանում են Սեմյոնովկա գյուղի բնակիչ Հայրապետ Քոչարյանին և Ծովագյուղ գյուղի բնակիչ Ռազմիկ Նիկողոսյանին, որոնք վարկով վերցրած գումարները ներդրել էին անասնապահության համար: 

Գյուղացիները հույս են հայտնել, որ կառավարությունը անօգնական չի թողնի, սատար կկանգնի, ու իրենք կզգան, որ իրավիճակ է փոխվել:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու հրդեհի պատճառներն ու գյուղացիների կրած վնասի չափը: