Առողջապահության նախարարությունում քննարկվել են ձմեռային զորակոչի կազմակերպչական հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

զորակոչ

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) անդմաների, զինապարտների հետազոտում, փորձաքննություն և բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ` քննարկելու 2019 թվականի ձմեռային զորակոչի գործընթացի խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Քննարկումն անցկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով զորակոչային փորձաքննության գործընթացի պատշաճ կազմակերպմանը` նախարարը նշել է, որ բժշկական կազմակերպություններից ակնկալվում է, որպեսզի բավարար ռեսուրսներ ներդրվեն փորձաքննությունները կազմակերպելու ժամանակ` հետաձգման և վերջին օրերին կուտակման խնդիրներին չբախվելու համար:

Խոսվել է զինկոմիսարիատների և զինապարտների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության, ամենօրյա ռեժիմով համատեղ աշխատանքների կազմակերպման, ուղեգրումների պլանավորման և հոսքերի կառավարման մասին:

Հայաստանի զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը բարձրաձայնել է զորակոչային գործընթացի ժամանակ ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ հնչել են առաջարկություններ:

Ներկաներն անդրադարձել են նաև փորձաքննությունների որակի և արդյունքների անաչառությանը:

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ առողջապահական և զորակոչի համակարգի բարելավման արդյուքում աստիճանաբար հասնելու են փորձաքննական այնպիսի վիճակի, որ զորակոչի ժամանակ ԿԲՀ-ի աշխատանքները ընթանան ավելի սահուն:

«Ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի կատարման մասով պետք է լինենք հետևողական` թե հետազոտությունների ծավալների, թե գործընթացների փուլերի պահպանման առումով», - ասել է նախարարը:

Հնչել են նաև փորձաքննության բուն գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր, որոնց առնչությամբ առաջարկվել է հետագայում կազմակերպել մասնագիտական քննարկումներ` շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

Ամփոփելով հանդիպումը` Արսեն Թորոսյանը պատասխանատուներին հանձնարարել է 2019 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպելու նպատակով ապահովել բժշկական փորձաքննության գործընթացի լիարժեք կատարում: