ՀՀ-ում կստեղծվի կանանց խորհուրդ, որը կղեկավարի Տիգրան Ավինյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News 

Ավինյան

ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդը, որը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով, կանանց հավասարության խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու և կանանց հավասարության ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հաստատել խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 30-ի «Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին» N 213-Ա, 2010 թվականի հուլիսի 30-ի «Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 605-Ա և 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 862 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1152-Ա որոշումները»: