Երբ ասացի, որ կրակել գիտեմ, Արկադին ասաց՝ շատ լավ է․ «Դոն Պիպոյի» գործով վկայի ցուցմունքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Հրաչիկ Սարգսյանի, այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով դատական նիստին շարունակվեց գործով վկաների հարցաքննությունը։  Այս մասին հաղորդում է news.am կայքը։

Ըստ դատացուցակի՝ հաջորդ վկան տուժող Արկադի Քոչինյանի կինն էր՝ Քրիստինե Քոչինյանը։ Նա նշեց, որ մյուս տուժողներին եւ ամբաստանյալ Արթուր Ասատրյանին չի ճանաչում։

Տուժողի կինն ասաց, որ ոստիկանների այցելության ժամանակ է տեղեկացել, որ ամուսինն օրենքի հետ կապված խնդիրներ ունի։

Մեղադրող կողմի հարցին՝ արդյոք ինքը հետաքրքրվե՞լ է, թե ամուսինը որտեղ է ապրում, կինն ասաց, որ տեղյակ չի եղել։

Դատարանի հարցին՝ արդյոք վկան տեղյա՞կ է եղել, որ ամուսինը սպանություն է փորձել նախապատրաստել, վկան ասաց, որ տեղյա չի եղել։

Հաջորդ վկան՝ Հրաչիկ Գեւորգյանն էր, տուժող Արկադի Քոչինյանի հայրը։ Նա նշեց, որ չի ճանաչում Արթուր Ասատրյանին։ Խուզարկության ժամանակ է տեղեկացել, որ որդին նման խնդիր ունի։

Նա պատմեց, երբ որդին Մոսկվայից վերադարձել է, մի քանի օր է մնացել Վանաձորում, այնուհետեւ գնացել է Երեւան. «Չեմ հիշում, գնացի աշխատանքի, եկա տուն, տեսա չկար, Երեւան էր գնացել։ Չեմ հանդիպել դրանից հետո նրան, զանգահարել եմ, խոսել ենք։ Չեմ իմացել, թե ում սպանության նախապատրաստությունն էր կազմակերպում։ Բայց իմացեք, որ մենք նման խնդիր երբեք չենք ունեցել, որդիս նման բան չէր անի»։

Գործով մյուս վկա Արթուր Սարգսյանը պատմեց, որ տուժող կողմին ճանաչում է, մեկ անգամ հանդիպել է նրանց. «Արկադիին հանդիպել եմ Երեւանում։ Ինձ ասաց, որ Էջմիածնում բնակարան է վարձել։  Պայմանավորվեցինք հանդիպել, հանդիպել ենք 3-րդ մասում, սրճել ենք։ Մեզ հետ եւս 3 անձինք կային, այդտեղից գնացել ենք այդ առանձնատուն, ինչ-որ ապրանքներ էին, չգիտեմ»։

Նա ասաց, թե որեւէ տվյալ չի իմացել սպանություն նախապատրաստելու մասին։

Դատախազը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ հրապարակել նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, քանի որ վկայի՝ դատարանում տված ցուցմունքի եւ նախաքննական ցուցմունքի միջեւ առկա է հակասություն։

Հրապարակվեց գործով վկայի նախաքննական ցուցմունքը.

«Ամիսը մեկ կամ մի քանի ագամ Արկադիի հետ խոսել ենք։ Հերթական հեռախոսազրույցի ժամանակ, ինձ Արկադին ասաց, որ վերադառնում է Հայաստան եւ պայմանավորվեցինք հանդիպել։ Հանդիպեցինք 3-րդ մասում։ Արկադիի հետ կար եւս մեկ անձ, նրա հետ ծանոթացրեց։ Երբ հարցնում էի՝ գործերն ինչպե՞ս է, խուսափում էր պատասխանելուց, եւ նշում, թե խառն են գործերը։ Հանդիպման ժամանակ 5-10 րոպե անց, մի տղա եւս մոտեցավ մեզ, տղայի անունը՝ Վլադիմիր էր, «Վլե» էին ասում։ Արկադին ասաց, որ էլի մարդիկ են միանալու մեզ, ասաց որ ուզում են գնալ Էջմիածնում վարձակալած իրենց տուն։

Մեզ մոտեցան եւս 2 անձ, մեկի անունը Աշոտ էր, մյուսինը՝ չեմ հիշում։ Գնացինք Էջմիածնի այդ առանձնատուն, մեքենայի բեռնախցիկում տնտեսական ապրանքները կար, դրանք տարանք ներս։ Արկադին ինձ առաջարկեց նոր գործ, գիտեր, որ ֆինանսական խնդիրներ ունեմ։ Ինձ ասաց, որ կան շատ լուրջ մարդիկ, ովքեր պատվիրել են կարեւոր մի գործ։ Ես սկսեցի հարցեր տալ Արկադիին, թե ի՞նչ գործ է, նա էլ խուսափեց պատասխանել։ Արկադին ճշտում էր՝ արդյոք ես մեքենա վարել գիտեմ, ես պատասխանեցի, որ վարորդական վկայական չունեմ։ Նա ճշտում էր, թե արդյոք ծառայե՞լ եմ, կրակել գիտե՞մ։ Երբ ասացի, որ գիտեմ, Արկադին ասաց, որ դա շատ լավ է, քանի որ իրենց պատվիրած մարդիկ իրենց տրամադրել են «Բրաբուս» մակնիշի ավտոմեքենա եւ զենքեր, ասաց՝ հարկ եղած դեպքում կկարենք նաեւ մարդկանց վրա, սակայն ինքն անուններ չտվեց։ Ես ասացի, որ կմտածեմ առաջարկի մասին։ Հետաքրքրվեցի՝ ինչպե՞ս է կարգավորվելու գումարային հարցը, ասաց՝ ամեն ամիս կվճարի 1000-1500 ԱՄՆ դոլար»։

Դատախազի հարցին՝ արդյոք վկան պնդո՞ւմ է իր նախաքննական ցուցմունքը, նա պնդեց, որ լավ չի հիշում դեպքը։ Նշեց, որ առեւանգություն իրականացնելու վերաբերյալ ինքը չի իմացել։

Արկադի Քոչինյանն էլ ասաց, որ այդ ցուցմունքը կապ չունի այս գործի հետ. «Կապ չուներ այս գործի հետ։ Տպավորություն չլինի, թե մենք լուռ եկել ենք ստեղ նստենք, լսենք»։

Նույնը պնդեց նաեւ ամբաստանյալ Արթուր Ասատրյանը. «Մեզ հետ կապ չունեցող ցուցմունք է»։

Դատախազն էլ արձագանքեց. «Որեւէ կերպ պարտականություններ չունենք ապացուցելու, կա վիճաբանությունների փուլ, երբ ապացույցները կհետազոտվեն, այնուհետեւ կհասկանանք»։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Ասատրյանը 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել եւ ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի եւ Արկադի Քոչինյանի առեւանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Հիշյալ անձանց վերաբերյալ գործը ներկայումս քննվում է դատարանում. նրանք մեղադրվում են Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, Արթուր Ասատրյանին, «օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանին եւ «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի սպանության  նախապատրաստությանն ուղղված գործողություններ կատարելու համար։

Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը։