Օտարերկրյա ներդրողները մեր երկրի ներսում կարող են անսահմանափակ մուտք ունենալ. Ն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

.

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանում մասնակցել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Բիզնես ֆորումը կազմակերպել են Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Իտալիայի առևտրային գործակալությունը, «Assolombarda» և «Mediobanca» ներդրումային ընկերությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման և Հայաստանի տնտեսության և հայ-իտալական գործարար կապերի զարգացման հեռանկարների մասին խոսելու այս հնարավորության համար:

«Մենք հավատում ենք, որ հայ-իտալական ներկայիս հարաբերությունները տոգորված են գործընկերության և փոխվստահության միևնույն ոգով: Այսօր շոշափելի է մեր երկու երկրների համագործակցությունը տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում:

Առևտրատնտեսական համագործակցությունը մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչն է: Իտալիան ԵՄ-ի երկրների շարքում Հայաստանի երկրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է: Միայն այս տարվա առաջին ինն ամիսներին երկու երկրների միջև առևտուրն աճել է մոտ 14 տոկոսով:

Այստեղ հարկ եմ համարում նշել, որ միայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իտալական Sartex-ը և Ceramisia-ն իրենց արտադրական մասնաճյուղերը բացեցին Հայաստանում: Ընդամենը 15 օր առաջ Telecom Italia Sparcle-ը համատեղ ձեռնարկություն հիմնելու մասին համաձայնագիր ստորագրեց հայկական Ucom ընկերության հետ` ինտերնետ ծառայություններ մատուցելու համար»,-ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ այսօր Հայաստանում հիմնարար վերափոխումներ են ընթանում, ինչը լայն հեռանկարներ է բացում իտալական և եվրոպական գործընկերների հետ տնտեսական համագործակցության համար:

Այնուհետև Փաշինյանը ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման գործընթացում գրանցած ցուցանիշները, դատական համակարգի բարեփոխման գործընթացը և տնտեսական ոլորտում մեջ գրանցած ցուցանիշները:

Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է նաև այլ թեմաների՝ մասնավորապես Հայաստանի տուրիստական գրավչությանը: «Հատկապես ուրախ եմ տեղեկացնել, որ վերջերս Հայաստանը ներառվեց Booking.com-ի 2020 թվականի 10 ամենասիրված տուրիստական ուղղությունների ցանկում: Բացի այդ, 2019 թվականին Հայաստանը 5 կետով բարելավեց իր դիրքերը Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից ներկայացված Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում:

Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն արտաքին ներդրումների մասով՝ երաշխավորելով սեփականության լիարժեք պաշտպանություն»,-ասել է Փաշինյանը:

Փաշինյանը խոսել է նաև օտարերկրյա ներդրումների մասին:

«Օտարերկրյա ներդրողները մեր երկրի ներսում կարող են անսահմանափակ մուտք ունենալ ցանկացած ոլորտ և աշխարհագրական վայր՝ անձնակազմի հավաքագրման, շահույթի ազատ և անսահմանափակ օտարման, շուկայական փոխարժեքով տարադրամի անսահմանափակ փոխանակման և ազգայնացման բացառման երաշխիքներով հանդերձ:

Օտարերկրյա ներդրողներին պաշտպանող հնգամյա դրույթը ևս, որը նրանց անձեռնմխելի է դարձնում օրենսդրական փոփոխությունների նկատմամբ, հանդիսանում է մեր արտաքին ներդրումների շրջանակի մաս։

Միջազգային տնտեսական հարաբերությունների առումով, Հայաստանը ներդրումների խթանման և պաշտպանության վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր ունի 43 երկրների հետ, ներառյալ Իտալիան:

Մենք ունենք պայմանագրեր 46 երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելու կանխարգելման վերաբերյալ: Սա նշանակում է, որ պայմանավորվող կողմերի ներդրողներին տրվում են մի շարք երաշխիքներ, մասնավորապես՝ ազգային վերաբերմունք, ունեցվածքի բռնազավթումից պաշտպանություն, միջոցների անվճար փոխանցում, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն»,-մանրամասնել է վարչապետը:

Հայ-իտալական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդես է եկել «Ինչո՞ւ ընտրել Հայաստանը» թեմայով ամփոփ զեկույցով, որի շրջանակում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի տնտեսության ճյուղերի՝ գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, քաղաքային տրանսպորտի, ենթակառուցվածքների և տեղեկատվական տեխնոլոգիաների, թափոնների կառավարման ոլորտում ներդրումային հնարավորությունների, ֆինանսական շուկայի վերաբերյալ։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը մասնակցել է հայ-իտալական համաժողովի շրջանակում հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը, որի ընթացքում պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տեխնոլոգիաների զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքներին, ներկայացրել մեր երկրում գինեգործության, մրգային օղիների և գինիների արտադրության ծրագրերը, բարեփոխումների օրակարգը և դրա իրականացման հնարավորություններ, խոսել Հայաստան-Եվրոպական միության համագործակցության օրակարգի, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակության և Եվրասիական տնտեսական միությունում նախագահության, ԵԱՏՄ շրջանակում առկա հնարավորությունների, ԵԱՏՄ-ԵՄ միջև Հայաստանի՝ կապող հարթակ հանդիսանալու պատրաստակամության մասին։ Անդրադառնալով Հայաստանում ՏՏ ճյուղի զարգացման մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսության այս ճյուղը դինամիկ զարգանում է, ոլորտում առկա է մեծ ներուժ, և ելնելով այդ իրողությունից՝ Հայաստանի կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում և նպատակադրել է խթանել  տեխնոլոգիական կրթությունը, բիզնես կրթությունը: