Հայաստանում դրսից ֆինանսավորվող ակտիվ քաղաքականությամբ զբաղվող ուժեր կան․ Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

.

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը 168.am-ին տված հարցազրույցում պատասխանել է Սաթիկ Սեյրանյանի բլից հարցերին՝ հանրությանը ամենաշատը հուզող հարցերի վերաբերյալ։ Բլից հարցումը ներկայացնում ենք ստորև։

«Պարոն Վանեցյան, «Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպումը Ձեր հրաժարականի հարցում դերակատարում ունե՞ր, թե՞ ոչ:

Չեմ պատասխանի այդ հարցին: Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական հարցեր չենք տալու և զրուցելու ենք բացառապես ֆուտբոլի մասին:

Արդյո՞ք օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործում են որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք:

Կարծում եմ՝ այո:

Ձեր առջև խնդիր դրվե՞լ է Հայաստանի ֆուտբոլի 15 տարեկանների հավաքականից հեռացնել Վարդան Թովմասյանին, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի որդին է:

Ոչ, նման խնդիր չի դրվել:

Ձեզ համար սպասելի՞ էր ֆեդերացիայում Ձեր դեմ սկսված այս դեմարշը:

Այո, սպասելի էր:

Հայաստանի անվտանգությունը վտանգվա՞ծ է:

Չեմ պատասխանի այդ հարցին:

Արցախյան հիմնահարցի բանակցային փուլը վտանգվա՞ծ է:

Չեմ պատասխանի այդ հարցին:

Հանրությունը մոլորության մե՞ջ է, պարոն Վանեցյան:

Կարծում եմ՝ այո:

Անձամբ Ձեր անվտանգությունը վտանգվա՞ծ է, թե՞ ոչ:

Չեմ պատասխանի այդ հարցին:

«Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է:

Եթե կարճ պատասխանենք՝ այո:

Հայաստանում կա՞ն դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, պարոն Վանեցյան:

Կարծում եմ՝ այո:

Եթե՝ այո, ուրեմն այդ կուսակցությունները ակտիվ քաղաքական գործունեություն ծավալո՞ւմ են:

Այո:

Նրանք հակահեղափոխականների՞, թե՞ հեղափոխականների կողքին են:

Չեմ պատասխանի այդ հարցին:

Հայաստանում հնարավո՞ր է հեղափոխություն: Իմ որոշ զրուցակիցներ ասել են, որ փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է:

Եկեք ես չպատասխանեմ այդ հարցին:

Ազգային անվտանգության ծառայությունում Ձեր աշխատած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ:

Չեմ պատասխանի այդ հարցին:

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստո՞ւմ է Մարտի 1-ի բացահայտմանը:

Չեմ պատասխանի այդ հարցին:

Չե՞ք կարծում, որ լռելը սխալ է, պարոն Վանեցյան:

Կարծում եմ:

Եվ որքա՞ն երկար եք դեռ լռելու:

Ես ասացի, որ ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ և կներկայացնեմ իմ տեսակետները այն ամենի մասին, ինչը կատարվում է մեր երկրում այսօր, ինչ կատարվել է մեր երկրում, և ինչ եմ ես պատկերացնում՝ ինչ է լինելու:

Ի՞նչ պլաններ ունեք, պարոն Վանեցյան: Շատերը կանխատեսում են ակտիվ քաղաքական գործունեություն, հասարակական գործունեություն:

Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս: Ծառայել եմ որպես ԱԱԾ սպա, և ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող: Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Եվ այդ ծառայությունը թե ո՞նց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ Ձեր հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ:

Իսկ եթե Ձեզ կալանավորե՞ն:

Ինչի՞ համար»: