Փաշինյանը շահեկան վիճակում է,եթե նրան ընդդիմություն են Սարգսյանը ու Քոչարյանը. «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

/

«Իրատես» թերթը գրում է. «Այսօր քաղաքական օրակարգի պահանջ է դարձել ընդդիմադիր լուրջ բեւեռի ստեղծումը։ Քանի դեռ իշխանությանը հակընդդեմ ուժ չի ձեւավորվել, որը հակակշիռ կդառնա, կարող ենք մոռանալ երկրի զարգացման մասին։ Այսօր Նիկոլ Փաշինյանը սխալները սխալների հետեւից է անում։

Արդյունավետ կառավարում չկա նաեւ այն պատճառով, որ Փաշինյանը թիկունքում չունի ընդդիմադիր հզոր ուժ, որը նրան միշտ զգոն է պահելու։ Նա, այսպես ասած, «արխային» է, քանի որ գիտի, որ հասարակությունն իրեն այլընտրանք չի տեսնում, չկա որեւէ ուժ, որով կցանկանան իրեն փոխարինել։

Ավելին, եթե նրա ընդդիմախոսներն էլ նախկին իշխանություններն են ու նրանց հետ կապակցված անձինք, Նիկոլ Փաշինյանը էլ ավելի հանգիստ կարող է լինել, քանի որ ժողովուրդը նախկին նախագահների դեմքով քաղաքական ուժերին դեռ չի ընդունում։

Այսինքն, Փաշինյանը շահեկան վիճակում է, եթե նրան ընդդիմություն են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը կամ նրանց հետ նույնացվող անձինք։

Անկախ վերջիներիս ինտելեկտուալ մակարդակից, պատրաստվածությունից ու զարգացածությունից այս պահին նման ընդդիմությունը հասարակությանը մերժելի է։

Այս իրավիճակում կամ պետք է թարմ ուժեր ստեղծվեն ու ասպարեզ գան (զերծ նախկինների «պիտակից»), կամ Փաշինյանի հանդեպ վստահությունը հասնի զրոյական մակարդակի, երբ ցանկացած ուժ՝ նախկին կամ ներկա, հեշտությամբ կտապալի նրան։

Անշուշտ, բավական հարաբերական է «թարմ ուժ» ասածը, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորի հետ կապեր ունեն եւ ինչ-որ ժամանակ համագործակցել են։ Այս իրավիճակում պեղել ու գտնել «մաքրամաքուր» քաղաքական դեմքեր, որոնք ոչ մի առումով խոցելի չեն, գրեթե անհնար է։ Առնվազն պետք է ունենալ այսօրվա իշխանության կադրերից, որոնք ոչ ճանապարհ են անցել, ոչ կառավարել գիտեն, ոչ հասկանում են, թե ինչ կարգավիճակ են զբաղեցնում, ոչ էլ երկրին ու պետությանն են պիտանի։

Այսինքն, նրանց քաղաքական գործիչ համարելը մեծ սխալ կլինի։ Բավական բարդ գործ է հայաստանյան այսօրվա իրականությունում գտնել իսկական քաղաքական դեմքերի, որոնց շուրջ կարելի է ձեւավորել հանրության վստահությունը վայելող ընդդիմադիր բեւեռ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում