Մոսկվայում ձերբակալվել է Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովը». նրան կարտահանձնեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Լյովիկ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը:

Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը:

Լևոն Սարգսյանը 1999-2012 թթ.-ին եղել է 3 գումարումների ԱԺ պատգամավոր: Նրա անունը միշտ կապվել է աղմկահարույց դեպքերի ու քրեական գործերի հետ:

Նա երկար տարիներ աշխատել է Երևանի ալրաղացի գործարանում, նախ որպես պահեստապետ, ապա՝ փոխտնօրեն, իրացման բաժնի պետ, իսկ 2002թ.-ին` «Երևանի ալրաղաց» ՓԲԸ նախագահ, որտեղից էլ ստացել է «Ալրաղացի Լյովիկ» մականունը: