Արտակ Բեգլարյանը ՄԻՊ-ին առնչվող հարցեր է քննարկել մի շարք փաստաբանների հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Արցախի փաստաբանների պալատի մի խումբ անդամների հետ:

Պաշտպանը նրանց է ներկայացրել իր հաստատության կատարած աշխատանքները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրած խնդիրները՝ դրանց լուծման հարցում փաստաբանական համայնքի հետ արդյունավետ համագործակցության ակնկալիք հայտնելով:

«Փաստաբանի ինստիտուտը մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն հենասյուներից մեկն է, և ես շահագրգռված եմ դրա շարունակական զարգացմամբ ու արդյունավետության բարձրացմամբ: Բնագավառում առկա խնդիրները վեր հանելու և լուծելու համար շատ կարևոր է, որ կառուցողական ու կանոնավոր հաղորդակցություն լինի փաստաբանների և լիազոր պետական մարմինների միջև: Այդ առումով իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու ձեզ՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը շարունակաբար բարելավելու նպատակով»,- նշել է Ա. Բեգլարյանը:

Փաստաբանները ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում արձանագրվող խնդիրները՝ հանդես գալով համապատասխան առաջարկներով:

Պաշտպանը խոստացել է իր լիազորությունների շրջանակներում նպաստել բարձրացված խնդիրների կարգավորմանը:

Կողմերը պայմանավորվել են նման ձևաչափի հանդիպումները դարձնել կանոնավոր և համատեղել ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: