ԿԵ ՍԱՏՄ ղեկավարը հանդիպել է ԱՄՆ դեսպանության տնտեսական և առևտրի հարցերով պատասխանատուին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանության տնտեսական և առևտրի հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Էլիսի հետ՝ քննարկելու Կոդեքս Ալիմենտարիուսի մաս կազմող հատուկ դիետիկ սննդի որոշ ստանդարտներ:

Ինչպես տեղեկացրեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Գեորգի Ավետիսյանն ու Քրիստոֆեր Էլիսը քննարկել են Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի օժանդակ մարմնի առաջիկա նիստի հետ կապված առանցքային հարցեր: Նրանք կենտրոնացել են սպառողների առողջությունը պաշտպանելու և սննդի առևտրում արդար գործելակերպի միջազգային ստանդարտների մշակման գործում Կոդեքսի կարևոր աշխատանքի վրա: Արդյունավետ քննարկում է ծավալվել նաև մանկահասակ երեխաների համար նախատեսված սննդային ապրանքներին վերաբերող ստանդարտների մշակման հարցերի շուրջ:

Քննարկման թեմաների վերաբերյալ կողմերի մոտեցումները համահունչ էին և Տեսչական մարմնի ղեկավարը հայտնել է իր պատրաստակամությունը ցանկացած հարթակում պաշտպանելու դրանք: