«Վեոլիա Ջրից» կատարված խողովակաշարի գողությունը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

ոստիկանություն

Նոյեմբերի 18-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից ստացվել էր գրություն: «Արևմուտք» տարածաշրջանային տնօրինության «Աբովյան» տեղամասի շահագործման աշխատակիցների կողմից հոկտեմբերի 17-ին կատարված ստուգայցի ժամանակ պարզվել էր, որ գողացել են ընկերությանը վարձակալությամբ հանձնված Կոտայքի մարզի Քաղսի համայնքի վարչական տարածքում գտնվող ջրատարի 500 մմ տրամաչափի պողպատե խողովակաշարի շուրջ 60 գծամետր հատվածը:
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նոյեմբերի 21-ին, ժամը 8.30-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Հրազդանի բաժին բերման են ենթարկվել Քաղսի գյուղի բնակիչ, 43-ամյա տղամարդը՝ մասնագիտությամբ զոդող, և նրա երեք համագյուղացիները:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է նրանց կողմից կատարված հիշյալ գողության փաստը:
Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: