Կոտայքի ոստիկանները տասնյակ բնակարանային գողությունների ու փորձերի դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Աբովյանում և մոտակա Մայակովսկի գյուղում վերջին երկու ամիսներին մեկ տասնյակից ավելի բնակարանային գողություններ ու գողության փորձեր էին կատարվել: Տուժողներից ոմանք ոստիկանություն էին դիմել, ոմանք` ոչ: Հարուցվել էին քրեական գործեր: Իրավապահները հնարավոր բոլոր միջոցներով փորձում էին գտնել հանցագործին:

Առաջին դեպքը ոստիկանության Կոտայքի բաժնում գրանցվել էր հոկտեմբերի 2-ին: Անհայտ անձը կամ գուցե անձինք հարմարեցված գործիքով բացել էին Կոտայքի փողոցի տներից մեկի պատուհանը և, ըստ տուժողի հայտարարության, ննջարանից հափշտակել 800 հազար դրամ և 80 հազար դոլար:

Ահազանգը ստանալուն պես օպերատիվ խումբը դեպքի վայր էր մեկնել, կազմել համապատասխան արձանագրություններ: Բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, երբ հոկտեմբերի 11-ին նույն փողոցից նոր ահազանգ ստացվեց: Տներից մեկի պատուհանը հարմարեցված գործիքով բացելիս կոտրել էին ապակին, մի ննջարանից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր, մյուսից` փող:
Կոտայքի փողոց մեկնած ոստիկաններն ուսումնասիրեցին դեպքի վայրը, արձանագրեցին` որտեղից ինչ են գողացել: Զրուցեցին տուժողի հետ: 40 րոպեով էր ընդամենը տնից բացակայել...

Օրեր անց, դարձյալ Կոտայքի փողոցից, բնակարանային գողության երրորդ ահազանգը ստացվեց: Օգտվելով տանտերերի բացակայությունից` ինչ-որ մեկը պատուհանով ներս էր մտել և հյուրասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր:
Մոտ մեկ շաբաթ անց նույն եղանակով փորձել էին Սարալանջի փողոցի մի տնից գողություն անել, բայց, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, գործն ավարտին հասցնել չէին կարողացել:
Գողության փորձի ևս երեք դեպք ոստիկանության Կոտայքի բաժնում գրանցվեց նոյեմբերին:

Երկուսը Աբովյանում էր կատարվել, մեկը` Մայակովսկի գյուղում:
Վերլուծելով դեպքերը` ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները փորձում էին հասկանալ` ինչով էին իրարից տարբեր և ինչ ընդհանրություններ ունեին գողությունները: Որոշվեց ուժեղացնել քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների համագործակցությունը, օպերատիվ իրավիճակին տիրապետելու համար ակտիվացնել շփումները բնակիչների հետ:
Ձեռագիրը նույնն էր: Հանցամիտը տուն էր մտնում միայն պատուհանով, գողանում բացառապես փող ու ոսկի: Առաջ քաշվեցին և ստուգվեցին տարբեր վարկածներ: Ստացված տեղեկությունների և փաստերի համադրությունը հուշում էր, որ բնակարանային գողություններն ու գողության փորձերը հնարավոր է կատարած լինի Մայակովսկի գյուղի 32-ամյա մի բնակիչ, որը նախկինում բնակարանային գողությունների համար դատապարտվել էր և ամիսներ առաջ էր քրեակատարողական հիմնարկից ազատվել:

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, նոյեմբերի 19-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ միջոցառումներով, բաժնի քրեական հետախույզները կասկածվողին Մայակովսկի գյուղից բերման ենթարկեցին ոստիկանության Կոտայքի բաժին:
Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին 32-ամյա տղամարդը Աբովյան քաղաքի և Մայակովսկի գյուղի վարչական տարածքներում կատարել է ևս երկու բնակարանային գողություն և մեկ գողության փորձ: