Վանեցյանը քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացնում. քաղաքագետներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

քաղաքական

ԱԱԾ և ՀՖՖ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի՝ «168 ժամին» հարցազրույցի վերաբերյալ 24News-ը մեկնաբանություն է վերցրել քաղաքագետներ Հակոբ Բադալյանից և Արմեն Բադալյանից: 

Ըստ Հակոբ Բադալյանի՝ ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանը քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացնում: Բայց մյուս կողմից՝ այս հարցում խնդիրներ կարող են լինել.

«Իհարկե, ոչ ոք չի արգելել ԱԱԾ նախկին տնօրեններին զբաղվել քաղաքականությամբ, բայց դրանում պետք է չափազանց զգույշ լինել՝ իրենց նախկին կարգավիճակից բխող հանգամանքների առումով և չանել քայլեր, որոնք կարող են հետագայում տարաբնույթ մանիպուլյացիաների տեղիք տալ: Եվ այս առումով, եթե Արթուր Վանեցյանն ունի հստակ տեղեկություններ վտանգների մասին, անկախ նրա քաղաքականություն մտնել-չմտնելուց, նա օր առաջ պետք է բարձրաձայնի դրա մասին»,-նշել է քաղաքագետը: 

Նրա համոզմամբ՝ շատ տարօրինակ է, երբ ԱԱԾ նախկին ղեկավարը խոսում է ինչ-որ վտանգների մասին, բայց ասում, որ կգա ժամանակը և հետո նոր նա կծավալվի դրանց շուրջ: Բադալյանի խոսքով՝ եթե վտանգ կա, ապա միշտ դրա մասին բարձրաձայնելու ժամանակն է և, որքան շուտ՝ այնքան լավ:                        
Քաղաքագետ Արմեն Բադալյանն իր հերթին նկատում է՝ հավանաբար կգա ժամանակը, և Արթուր Վանեցյանը կպատասխանի նաև քաղաքական հարցերի:

«Իսկ դա նշանակում է, որ նա չի բացառում ակտիվ քաղաքականություն մտնելը, բայց հիմա դրա ժամանակը չէ: Վանեցյանն իր հրաժարականի քաղաքական տեքստում նշել էր, որ այսպես այլևս չի կարելի, կանգ առնել է պետք: Իսկ ինչ վերաբերում է ոչ լիարժեք պատասխաններին, ապա դա ուղղակի այդ պատասխանների անոնսներն էին, որոնք հետագայում կբացվեն: Այսինքն, դրանով նա ուզում է հասկացնել, որ կան որոշ բաներ, որոնց մասին պետք է նշվի, բայց հիմա ժամանակը չէ: Կգա ժամանակը և ինքն արդեն ավելի բաց կլինի: Թե ե՞րբ կգա այդ ժամանակը, ես չեմ կարող ասել, բայց ամենայն հավանականությամբ կգա այդ ժամանակը: Եվ կարծում եմ՝ կնշվի, թե ինչպես եղավ «հեղափոխությունը», ով այն կազմակերպեց, ինչու կազմակերպեց, ինչ դեր ունեին դրանում «Սորոսի» գրասենյակը, գլոբալիստները և բազմաթիվ այլ հարցեր», - ասել է Արմեն Բադալյանը:   

Երկու քաղաքագետներն էլ չբացառեցին, որ Վանեցյանը քաղաքականության մեջ կարող է որոշակի հաջողություններ ունենալ:

«Եթե խոսքն իշխանության գալու շանսի մասին է, ապա ես կարծում եմ՝ առաջիկա տեսանելի ապագայում այդպիսի շանս չունի ոչ միայն Արթուր Վանեցյանն, այլ, ընդհանրապես, որևէ քաղաքական ուժ: Դա այն պատճառով է, որ իշխանությունն ունի շատ բարձր լեգիտիմություն, և տեսանելի ապագայում ես չեմ տեսնում այդ լեգիտիմության կորստի որևէ հեռանկար: Իսկ եթե խոսքը քաղաքականության մեջ տեղը զբաղեցնելու մասին է, ապա շանս ունեն գրեթե բոլորը: Մենք հիմա փաստացի քաղաքական անապատի մեջ ենք. կա իշխանություն՝ իր բարձր վարկանշով, և գործնականում չկա ձևավորված քաղաքական դաշտ: Ամեն ինչ կախված է այն բանից, թե Վանեցյանը քաղաքական ինչ բովանդակությամբ կմտնի քաղաքականություն»,-կարծում է Հակոբ Բադալյանը:

Իսկ ըստ Արմեն Բադալյանի՝ ընդհանուր առմամբ, Արթուր Վանեցյանը շանս ունի: Դա, իհարկե, կախված է նաև այն հանգամանքից, թե նա ինչպես կաշխատի:

«Դու կարող է լավ աջակցություն ունենաս, բայց վատ աշխատես ու արդյունք չլինի»,-նկատում է քաղաքագետը: 

Բադալյանի համոզմամբ՝ քաղաքական գործունեությունը միայնակ չեն իրականացնում, բնականաբար, անհրաժեշտ է մարդկային ռեսուրս, մեդիա ռեսուրս, ինտելեկտուալ ռեսուրս և այլն: Նա վստահ է՝ եթե այդ ռեսուրսների առկայությունն ապահովվի, Արթուր Վանեցյանը կարող է հաջողություն ունենալ, հատկապես՝ «հաշվի առնելով գործող վարչապետի վարքագիծը»:  

Մերի Մարտիրոսյան