Unibank

Unibank Mobile

Տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների հարկային ծառայությոնների ղեկավարների խորհրդի 26-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

.

Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 26-րդ նիստը, որին մասնակցել են անդամ պետությունների հարկային մարմինների պատվիրակություններ, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և այլ ներկայացուցիչներ։ Խորհրդի նիստին հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Արդեն 18 տարի հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդը շարունակում է ակտիվ երկխոսություն ապահովել անդամ երկրների համար՝ ժամանակակից հարկային օրակարգի կարևոր հարցերի շրջանակներում: Այս տարի  նիստի հիմնական թեման եղել է «Թվային տնտեսության պայմաններում հարկային վարչարարության իրականացումը»։

Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը նշել է, որ թվային փոխակերպումը ազդում է սոցիալական ու տնտեսական բոլոր ոլորտների վրա և նոր մարտահրավերներ է առաջացնում ամբողջ աշխարհի հարկային մարմինների համար: Թվայնացումը փոխում է հաստատված գործընթացները, բիզնեսի մոդելները, ուստի հարկային մարմինները ստիպված են լինում արձագանքել այդ մարտահրավերներին և հարմարվել թվային միջավայրին:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել անդամ երկրներում հարկեր վճարելու կարևորության գիտակցման, հանրային իրավագիտակցության բարձրացման և այլ հարցերի:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ ՀՀ-ում արդեն իսկ հարկ բառն ընկալվում է որպես ներդրում ընդհանուր գործի մեջ, և այդ մտածելակերպը գնալով արմատավորվում է հասարակության գիտակցության մեջ: ՀՀ պատվիրակության ղեկավարը խոսել է այդ վերաբերմունքի տարածման անհրաժեշտության մասին նաև գործընկեր երկրներում՝ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդը համարելով այդօրինակ տեսլականի քննարկման պատեհ հարթակ:

Քննարկվել են նաև հարկային մարմինների թվային փոխակերպման արդի տենդենցներին հետևելու, հարկային վարչարարության բարելավման և բիզնեսի հետ աշխատանքի պարզեցման հարցեր:

Նիստի ընթացքում ընդգծվել  է ԱՊՀ երկրների հարկային մարմինների միջև փոխգործակցության կարևորությունը տեղեկատվության փոխանակման առումով: Նախորդ տարի նոյեմբերին ստորագրվել էր արձանագրություն, որով նախատեսվում է երկրների միջև տվյալների փոխանակում ավտոմատ ռեժիմով: Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքային խումբն արդեն մշակել և հաստատել է տեղեկատվության փոխանակման ձևաչափեր, ինչը հնարավոր կդարձնի ստեղծել ծրագրակազմ և անցկացնել տեղեկատվության թեստային փոխանակում 2020 թվականի օգոստոսին, իսկ 2021 թվականին համակարգն արդեն կգործարկվի։

Տեսանյութեր

Live

Լրահոս