ԱԻՆ գլխավոր քարտուղարը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ջոկատներում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը նոյեմբերի 22-ին ստուգայց է կատարել 6 հրշեջ-փրկարարական ջոկատներում, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ: Ստուգայցի ժամանակ գլխավոր քարտուղարին ուղեկցել են ԱԻՆ շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետ Վարդան Պետրոսյանը և շենք-շինությունների պահպանման բաժնի պետ Հովիկ Պողոսյանը: Ստուգայցի նպատակն էր հետևել հրշեջ-փրկարարական ջոկատներում իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև համադրել պահանջվող և փաստացի իրականացվող աշխատանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վահանգն Օհանյանը եղավ Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները սպասարկող թիվ 5, Էրեբունու թիվ 6, Դավիթաշենի թիվ 13, Երևանի փրկարարական վարչությանը կից թիվ 3, ինչպես նաև Եղվարդ քաղաքը սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատներում, նաև՝ ծանոթացավ Հայ-Ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ընթացող աշխատանքներին:

Վերանորոգվել են հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը, անցկացվել է ջեռուցման համակարգ, ամբողջությամբ փոխվել են էլեկտրական սնուցման համակարգերը:

Տանիքի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները սպասարկող թիվ 5, Դավիթաշենի թիվ 13 և Եղվարդ քաղաքի հրշեջ- փրկարարական ջոկատներում:

ԱԻՆ գլխավոր քարտուղարը զրուցել է հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերի հետ, լսել ընթացող աշխատանքների վերաբերյալ նրանց առաջարկներն ու դիտողությունները:

«Հրշեջ-փրկարարական ջոկատներում դեռևս առկա են կենցաղային գույքի ապահովման հետ կապված խնդիրներ, որոնք գլխավոր քարտուղարը խոստացավ հնարավորինս արագ կարգավորել:

Վահագն Օհանյանը շինարարության ընթացքի հետ կապված տվեց որոշ ցուցումներ և հանձնարարեց շտկել նկատված թերությունները:

Ստուգայցի արդյունքներով արձանագրվեց, որ այս պահին շինարարական աշխատանքները ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, իսկ աշխատանքների որակը համապատասխանում է պահանջներին:

Գլխավոր քարտուղարի ստուգայցերը այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ:

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 22-ին կառավարության 1118-Ն որոշմամբ ԱԻՆ փրկարար ծառայության շենքային ապահովվածության և պայմանների բարելավման, շենքերի, շինությունների կառուցման համար տրամադրվել էր 1 միլիարդ 173 միլիոն դրամ գումար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս