Բյուջեից 75 մլն դրամ է հատկացվել ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Այսօր մեկնարկել է «Կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Այս տարվա կարգախոսն է՝ «Գենդերային հավասարություն՝ վերջ տանք սեռական ոտնձգություններին»։ Կանանց հանդեպ բռնության կանխարգելումը, կանանց հզորացումը եւ նրանց տնտեսական ակտիվության խթանումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Այս նպատակներին ուղղված գործողությունները մեր ամենօրյա աշխատանքի մաս են կազմում։

2020 թվականին պետական բյուջեից շուրջ 75 մլն դրամ կհատկացվի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցման ծրագրեր իրականացնելու նպատակով։ Մասնավորապես՝

հանրապետության բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ,

առաջին անգամ պետական բյուջեից կֆինանսավորվի ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարան՝ 60 մարդու ծառայություն մատուցելու նպատակով,

ժամանակավոր ֆինանսական աջակցություն կտրամադրվի ընտանիքում բռնության ենթարկված անձանց,

կիրականացվի ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլ նաեւ հստակ պատկեր կտա բռնության տեսակների եւ դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ», -գրել է Զարուհի Բաթոյանը։