Մինչև 2020-ի ապրիլի 1-ը Հայաստանում սպառողի համար գազի գինը չի բարձրանա․ Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Մհեր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ մինչև 2020-ի ապրիլի 1-ը Հայաստանում սպառողի համար գազի գինը չի բարձրանա, և որ  Հայաստանը բանակցում է ռուսական կողմի հետ, որ հնարավոր գնային տատանումը բեռ չդառնա թե՛ սպառողի, թե՛ տնտեսության վրա: 

«Մինչև ապրիլի 1-ը բարձրացում չի լինի: Դրանից հետոյի հետ կապված տեղեկություն չեմ կարող հիմա հաղորդել: Բանակցություններն ընթացքի մեջ են: Բանակցում ենք, որպեսզի ամեն ինչ անենք, որ չլինի այնպիսի գնային տատանում, որը բեռ կամ պրոբլեմատիկ լինի թե հասարակ սպառողի, թե տնտեսության համար»,-ասել է մհեր Գրիգորյանը:

Հարցին՝ հայտարարությունը, թե գազի գինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանալու, ուղիղ մեսի՞ջ է, թե՞ ապրիլի 1-ից հետո բարձրացում է լինելու, փոխվարչապետն ասել է, որ եթե դա լիներ ուղիղ մեսիջ, կասվեր ուղիղ մեսիջով:

«Եթե չի ասվում ուղիղ մեսիջով, նշանակում է, որ բանակցվում է, և կան հարցեր, որոնք դեռևս ճշտման ենթակա են»,-նշել է փոխվարչապետը։

Հարցին՝ Հայաստանը բանակցո՞ւմ է այլ երկրների, օրինակ՝ Իրանի հետ սպառողների համար գազ ձեռք բերելու նպատակով, Մհեր Գրիգորյանն ուղիղ չի պատասխանել, միայն նշել է, որ որ գազի հետ կապված բանակցություններն ու քննարկումները բազմակողմ են, և որ ցանկացած հնարավորություն պետք է գնահատել ու հաշվի առնել։