Իրաքում բողոքի ակցիաների պատճառով վերջին 1 օրում 40 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Իրաք
Associated Press գործակալությունը տեղեկացնում է, որ Իրաքի տարբեր շրջաններում հոկտեմբերի 1-ից սկսված բողոքի ցույցերը շարունակվում են, վերջին 1 օրում ոստիկանության հետ ցուցարարների բախումների հետևանքով 40 մարդ է զոհվել:

Անկարգությունների մեծ մասը տեղի է ունեցել Իրաքի հարավում, որտեղ սպանվել է 36 ցուցարար և վիրավորվել՝ 245-ը: 4 ցուցարար զոհվել է Բաղդադում, երբ ուժայինները կրակ են բացել ցուցարարների վրա:

Իրաքում հոկտեմբերի 1-ից սկսված բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 350 մարդ, վիրավորվել են հազարավոր մարդիկ: Հակակառավարական ցույցերի մասնակիցները հրդեհել էին նաև Նաջաֆում գտնվող Իրանի հյուպատոսարանը: Նրանք կարծում են, որ Իրանը միջամտում է իրենց ներքին գործերին: Հյուպատոսարանի աշխատակիցները շենքը լքել էին գաղտնի մուտքով` հրդեհից 10 րոպե առաջ:

Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաև կենսապայմանների բարելավում, առողջապահության և կրթության ոլորտներում, աշխատաշուկայում առկա խնդիրների լուծում, կոռուպցիայի դեմ պայքար։