Հայաստանը կարող է ղեկավարել ԵԱՏՄ ոսկերչական բրենդի ստեղծման ծրագիրը. Սարգսյան

ՄՈՍԿՎԱ, 29 ՆՈՅԵՄԲԵՐ,  24News

Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միությունում անհրաժեշտ է ստեղծել միասնական բրենդներ, որոնք կարող են կենսունակ մրցակիցներ լինել համաշխարհային շուկայում։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Մոսկվայում կայացած «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» միջազգային համաժողովի ժամանակ նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ 

Ըստ ԵՏՀ ղեկավարի, ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները կարող են իրենց վրա վերցնել միջազգային մասշտաբի այս ծրագրերից որևիցե մեկի իրականացումը։ Որպես օրինակ՝ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ի զորու է ղեկավարել ԵԱՏՄ ոսկերչական միասնական բրենդի ստեղծման աշխատանքները։ 

Նույն խորհրդաժողովին ներկա ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Միխայիլ Բաբիչը նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պետք է լինի ոչ թե կողմերի բանակցությունների համար հարթակ, այլ անկախ, պրոֆեսիոնալ, ինքնուրույն վերազգային մարմին։ 

«Այս առումով ցանկանում եմ նշել, որ շնորհակալության հատուկ խոսքերի է արժանի ԵՏՀ ղեկավար Տիգրան Սարգսյանը։ Եվս մեկ անգամ Ռուսաստանի Դաշնության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն աշխատանքի համար, որ դուք կատարել եք», - ասել է Բաբիչը։ 

Մանրամասները՝ տեսանյութերում։