Հանգանակության շեշտը դրվել էր մարդկանց քանակի վրա, բայց երևի լավ չենք հասել նրանց սրտին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

«Երբ հանգանակության ցուցանիշը նվազում է, միշտ էլ խորհելու տեղիք է տալիս, պետք է մի քանի գործողություններ  իրականացնել: Կցանկանայի, որ «Հայաստան» հիմնադրամի նոր ղեկավարությունը հենց ինքը նախաձեռնի  մի աշխատանք, որով կփորձի գնահատել նոր մոտեցումները և ծրագրերը»- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նշել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյանը: 

Հանգանակության նախկին և ներկայիս ցուցանիշները համեմատելիս՝ Պողոսյանը նկատել է. 
«Եթե նախկինում լսել ենք, որ ասել են մի մասնակցեք, ամեն ինչ գողացվում է, կոռուպցիա է, ապա այս անգամ նման բաներ չենք տեսել: Հանգանակության արդյունքն իշխանությունների հետ չեմ կապի, ավելի շատ գործիքակազմերի փոփոխություն է տեղի ունեցել, որը սպասելի արդյունք չտվեց: Եթե նախկինում ավելի շատ էինք տեսնում անհատապես մեծ գումարների ներդրումներ, այս անգամ շեշտը դրվել էր մարդկանց քանակի վրա, բայց երևի լավ չենք հասել նրանց սրտին, հոգուն, ընկալմանը»: 

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրություններին.

«Հայաստանի վարքագիծը, և տեղեկատվական դաշտը պետք է ավելի նրբանկատ լինեն և չնպաստեն մի վիճակի, որը դիսբալանս կարող է ձևավորել: Մարդիկ պետք է իրենք ընտրեն իրենց իշխանությունը՝ հիմնվելով թեկնածուների ծրագրերի և գաղափարների վրա: Մենք պարտավորություն ենք ստանձնել, որ Արցախում ազատ, անկախ և մրցակցային ընտրություններ անցնեն», - նշել է  Թևան Պողոսյանը: