Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

.

Նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:

Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և բազմաթիվ հայորդի ուխտավորներ:

Պատարագի ընթացքում եկեղեցական հանդիսավոր թափորի առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ Ս. Գեղարդը: Նորին Սրբությունն օրհնեց ներկա ժողովրդին, ապա ուխտավորաբար ժամանած հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:

Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Ս. Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։
Աստվածամուխ Ս. Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը: