Թուրքիայում մտահոգ են, որ ԱՄՆ-ն շարունակում է համագործակցել Սիրիայի քրդերի հետ

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Պենտագոնի կայքում հայտարարություն է տարածվել Սիրիայի քրդերի զինված ջոկատների՝  «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) հետ համատեղ գործողություն սկսելու մասին: Թուրքական մամուլը նկատել է տալիս, որ ԱՄՆ-ի զինուժը միտք չունի դուրս գալ Սիրիայից, թեև հայտարարվել էր, որ դուրս է գալու: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Նշվում է, որ հայտարարության մեջ հղում է արվում Իրաքում ԱՄՆ-ի համատեղ գործողությունների հրամանատար գեներալ Ռոբերտ Ուայթիին, ով տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակելու են գործողությունները «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (այս զորախմբի մեծամասնությունը կազմում են քրդական YPG-ի զինյալները) հետ:

Ամերիկացի գեներալը հայտարարել է, որ Սիրիայում իրենց մնալու նպատակն այն է, որ ԻՊ-ը (Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն) վերահսկողություն չհաստատի Սիրիայի նավթահանքերի վրա:

Թուրքական աղբյուրը նշում է, որ ԻՊ-ն ԱՄՆ-ի համար պատրվակ է դարձել Սիրիայից դուրս չգալու համար ու հիշեցնում, որ նախորդ շաբաթ էլ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն էր հայտարարել, որ շարունակելու են աջակցել «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» (ՍԺՈւ/SDF)` կրկին պատճառաբանելով, որ ԻՊ-ի վերակտիվանալը կանխելու հարցում քրդերը կարևոր դերակատար են:

Նշենք, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում Սիրիայի հյուսիսում գործող քրդական կազմակերպություններին, այդ թվում «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը, դրա ռազմական թևը հանդիսացող ԺՊՈՒ/YPG-ին ու ԱՄՆ-ի կողմից հիմնված SDF-ին: Պաշտոնական Անկարան բազմիցս դատապարտել է Վաշինգտոնի աջակցությունը Սիրիայի քրդական միավորումներին՝ պահանջելով դադարեցնել նրանց հետ համագործակցությունը: