23-ամյա վարորդը բերման ենթարկվելիս դանակն սկսել է թափահարել ոստիկանների վրա

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Արմավիրի բաժնի ծառայողները այսօր՝ նոյեմբերի 30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում ծառայություն իրականացնելիս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նկատել են Mercedes մակնիշի 36 FՍ 589 համարանիշի ավտոմեքենա, որի առջեւի համարանիշը բացակայում էր:

Ոստիկանները նկատել են նաեւ, որ ավտոմեքենայի հետեւի հողմապակուն փակցված է հանցագործ աշխարհում օգտագործվող «ութանկյուն» նշանը, ինչը խորացրել է նրանց կասկածները եւ նրանք որոշել են ստուգման նպատակով կանգնեցնել ավտոմեքենան:

Ոստիկանները՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության վարչական շենքի հարեւանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան եւ վարորդը՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 23-ամյա Կարեն Մանուկյանը, սկսել է զազրախոսել իրեն կանգնեցրած ոստիկանների եւ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների հետ:

Երիտասարդ վարորդին իրավապահները բերման են ենթարկել ոստիկանություն, սակայն նա բերման ենթարկվելու ժամանակ ավտոմեքենայի միջից վերցրել է սառը զենքի նմանվող մի մեծ դանակ ու սկսել թափահարել: Ոստիկաններին հաջողվում է վնասազերծել նրան:

Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք, դանակն էլ առգրավվում է: