Պապիլոմավիրուսի դեմ 2019-ին պատվաստվել է շուրջ 50 հազար քաղաքացի

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

.

Հայաստանում 2019-ի հունվարից մինչ օրս մարդու պապիլոմավիրուսի դեմ  պատվաստվել է 13-45 տարեկան շուրջ 50 հազար քաղաքացի:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  ՀՀ առողջապահության նախարարության Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումները ներդրվեցին 2017-ի դեկտեմբերին, և մեկ տարվա ընթացքում պատվաստման բավականին ցածր ցուցանիշներ ունեինք թիրախային խմբում՝ 13 տարեկան աղջիկների շրջանում՝ մոտ 1500: Բնակչության շրջանում վստահությունն ու վախերը վերացնելու նպատակով որոշվեց տարիքային շեմը բարձրացնել (13-35), որ մարդիկ տեսնեն, որ պատվաստումներն անվտանգ են: Այս տարվա հունվարից մինչև այսօր շուրջ 50 հազար պատվաստում է արդեն կատարվել: Բարեբախտաբար, թիրախային խումբն այդ պատվաստումներում կազմում է մոտ 20 տոկոսը»,-ասաց Սահակյանն ու դա համարեց գոհացուցիչ ցուցանիշ:

Այս տարի արդեն  50 հազար պատվաստվածների մեծամասնությունը եղել են կանայք: Սահակյանը նշեց, որ իրենց համար 13-14 տարեկան աղջիկների՝ 20 տոկոս պատվաստման ցուցանիշն անակնկալ է եղել: «Հետպատվաստումային շրջանում որևէ լուրջ տեղային ռեակցիա չի գրանցվել: Մարդիկ իրենց սեփական մաշկի վրա զգացին, որ պատվաստանյութը որևէ բացասական ազդեցություն չի թողնում առողջության վրա»,-ասաց Սահակյանը:

Նա նշեց՝ սակայն չեն կարող մշտապես բարձր տարիքային խմբերում պատվաստում իրակացնել, պետք է պատվաստվի հենց այն տարիքային խումբը, որտեղ արդյունավետությունը բարձր է: Որքան տարիքը բարձր է, այնքան պատվաստումների արդյունավետությունը նվազում է: «Առաջիկայում կքննարկվի, որ պատվաստման համար բարձրացված տարիքային շեմն իջեցվի, պատվաստվեն հիմնական թիրախային խմբերը՝ պլանային պատվաստումերի օրացույցով նախատեսված տարիքային խմբերը»,-նշեց Սահակյանը:

Նրա խոսքով՝ ինչպես բոլոր պատվաստումների, այնպես էլ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշը համեմատաբար ցածր է Երևանում: Մարզերում պատվաստումների ցուցանիշն ավելի բարձր է: