Unibank

Unibank Mobile

Ենոքավանցու վրա հարձակված հովազին արձանագրելու համար 6 տեսախցիկ ենք տեղադրել․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ենոքավան

Ենոքավանի անտառներում Բնության համաշխարհային հիմնադրամը 6 տեսանկարահող սարք է տեղադրել՝ արձանագրելու՝ հովազ իրականում կա տարածքում, թե ոչ։ 24News-ն այս մասին տեղեկացավ Բնության համաշխարհային հիմնադրամի փորձագետ Ալեքսանդր Մալխասյանից, որը նաև նշեց՝ տեսախցիկների արձանագրածը ստուգելու են միայն հունվարին։

Հարցին, թե, լինելով Ենոքավանի անտառում, նախնական ինչ-որ բան հայտնաբերել են, որը կհաստատի տարածքում  հովազի առկայությունը, օրինակ, հետքեր, փորձագետը պատասխանեց․ «Եկեք չշտապենք, վերլուծություններ չանենք։ Տեսախցիկների միջոցով ամեն ինչ պարզ կլինի։ Իրենք կլոր տարի ակտիվ են․ եթե այնտեղ կա հովազ, ուրեմն կարձանագրվի»։

Ալեքսանդր Մալխասյանը տեղեկացրեց, որ նշված տարածքում, սակայն Դիլիջանին ավելի մոտ անտառներում հովազ նկատվել է վերջին անգամ 1950-ականների վերջերին։

«Այդքան էլ հեշտ չէ տեսնել հովազին, օրինակ, Խոսրովի անտառում 3 ամիսը մեկ ենք ստուգում տեսախցիկները, քանի որ նրանք շատ ուշ-ուշ են նույն տեղերով անցնում։ Իսկ ժամանակից շուտ վերլուծություն անողները ավելի շատ իրենց PR-ով են զբաղվում։ Ես նման գործով չեմ զբաղվում, կխոսեմ միայն տեսախցիկների արձանագրածը ստուգելուց հետո»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Ենոքավանի անտառներից մեկում հովազը հարձակվել էր իր կենդանիներին գտնելու գնացած քաղաքացու վրա: Բազմաթիվ խոր վերքերով 35-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն:

Հասմիկ Կիրակոսյան

Տեսանյութեր

Live

Լրահոս